«Միջազգային հանրությունը լեգիտիմ չի համարում ոչ Ղրիմի Գերագույն խորհրդի որոշումը ՌԴ-ին միանալու վերաբերյալ, ոչ մարտի 16 -ին նշանակված հանրաքվեն, որով Ղրիմի բնակիչները պետք է այո կամ ոչ ասեն Ռուսաստանի կազմ մտնելուն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ Տանն ունեցած ելույթում` նշելով, որ առաջարկված հանրաքվեն կխախտի Ուկրաինայի սահմանադրությունն ու միջազգային օրենքները։
«2014 թվականն է: Մենք շատ հեռու ենք այն օրերից, երբ սահմանները կարող էին գծվել՝ առանց հաշվի առնելու ժողովրդավար առաջնորդներին», - հիշեցրել է Օբաման՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը պատասխան քայլեր է նախաձեռնում․ - «Ես ստորագրել եմ մի հրամանագիր, որ թույլատրում է պատժամիջոցներ կիրառել նրանց հանդեպ, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումների համար: Իմ ցուցումներով՝ Պետդեպարտամենտը ևս սահմանափակումներ է դրել որոշ անհատների և պաշտոնյաների մուտքի վրա»: Բրյուսելում Եվրամիության երկրների առաջնորդները նույնպես դատապարտել են Ռուսաստանի գործողությունները և հայտարարել, որ Ղրիմի հանրաքվեն միջազգային իրավունքից դուրս է: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շեշտել է, թե Ղրիմի հակասահմանադրական հանրաքվեն «լուրջ քայլ է սխալ ուղղությամբ»:
ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնող քայլերը կհանգեցնեն շուրջ և հեռուն գնացող հետևանքների Եվրոպական միության երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների համար:
«ԵՄ-ն որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ վիզաների դյուրացման վերաբերյալ բանակցությունները. բացի այդ մենք սատարում ենք ՄԵծ Ութնյակի եվրոպական անդամների և ԵՄ կառույցների որոշումը` կասեցնել իրենց մասնակցությունը սպասվող գագաթնաժողովին»,- հայտարարել է Ռոմպեյը:
ՌԴ արտգործնախարարությունը արձագանքել է ԵՄ որոշմանը` հայտարարելով, թե տարակուսած է այս որոշմամբ և այն պատժամիջոցների սպառնալիքների կապակցությամբ, որ ԵՄ-ն խոստանում է կիրառել, եթե Ռուսաստանը մոտ օրերս Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցություններ չսկսի Ուկրաինայի ճգնաժանը հաղթահարելու վերաբերյալ:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուիլ Բարոզուն էլ հայտարարել է, որ կարճ ժամանակահատվածում Եվրամիությունը նախաձեռնում է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական կետերը:
«Մենք ոչ միայն հաստաստել ենք Եվրամիության պատրաստակամությունը ստորագրել Ասոցացման համաձայնագիրը` ներառյալ Խոր եւ համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, մենք որոշել ենք առաջնահերթության կարգով արագ ստորագրել քաղաքական գլուխները: Դա կխորացնի Եվրամիության և Ուկրաինայի քաղաքական մերձեցումը», - հայտարարել է Բարոզուն՝ հավելելով, որ պատրաստ են Ուկրաինային նաև տնտեսական ու ֆինասնական աջակցություն տրամադրել։
Բրյուսելում որպես Ուկրաինայի ներկայացուցիչ հրավիրված վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է․ - «Մենք՝ որպես Ուկրաինական պետություն, հավատարիմ ենք մեր անկախությանը, մեր տարածքային ամբողջականությանը։ Ոչ ոք իրավունք չունի միջամտել մեր ներքին խնդրիներին, և բոլորը շահագրգռված են, որ խաղաղություն և կայունություն հաստատվի Ուկրաինայում և տարածաշրջանում: Ուկրաինայի կառավարությունը վճռական է ստորագրել Ասոցացման պայմանագիրը և պատրաստ ենք ստորագրել որքան հնարավոր է շուտ։ Մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին ֆինանսական օգնության համար, մենք Ռուսաստանի կառավարությանը կոչ ենք անում ետ քաշել զորքերը, չաջակցել Ղրիմի ապօրինի կառավարությանը և սկսել իրական բանակցություններ խաղաղ լուծման հասնելու համար»: