ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Քննարկվել են Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Ղրիմի հանրաքվեի հարցերը:
Lenta.ru-ն հաղորդում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ճգնաժամի կարգավորման հնարավոր եղանակների շուրջ:
Չնայած իրադարձություններին նրանց տարբեր գնահատականներին՝ կողմերն «ընդհանուր հետաքրքրություն են արտահայտել իրավիճակի շուտափույթ կարգավորման և լարվածության թոթափման շուրջ»:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Ղրիմի լեգիտիմ ղեկավարության նախաձեռնած քայլերը հիմնվում են միջազգային իրավունքի նորմերի վրա, մինչդեռ Կիևի իշխանությունները որևէ քայլ չեն անում «սահմանափակելու մայրաքաղաքում և մի շարք շրջաններում արմատական և ծայրահեղ ազգայնական ուժերի գործողությունները»:
Քեմերոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Պուտինը մտադիր է ճգնաժամին լուծում տալ դիվանագիտական եղանակով: Իսկ Մերկելի մամուլի ծառայությունը դեռևս տեղեկություններ չի հրապարակել հեռախոսազրույցի մասին: