Չինաստանը գտնում է, որ ՈՒկրաինայի իրադարձություններին առնչվող բոլոր կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն՝ խուսափելու համար լարվածության սրումից՝ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինը:
«Չինաստանն ունի օբյեկտիվ և արդար դիրքորոշում ուկրաինական հարցում: Իրավիճակն ՈՒկրաինայում չափազանց բարդ է, այս պայմաններում բոլոր կողմերը պետք է սառնասրտություն ու զսպվածություն դրսևորեն, որպեսզի լարվածության նոր փուլ չսկսվի», -ասել է Չինաստանի ղեկավարը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում: Սի Ձինպինը նկատել է, որ ճգնաժամը պետք է հաղթահարել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: «Հույս ունեմ, որ բոլոր շահագրգիռ կողմերը հարկ եղած կարգով կլուծեն հակասությունները շփումների և խորհրդակցությունների ճանապարհով, ջանքեր կգործադրեն խնդրի քաղաքական լուծման համար»: Նա ասել է, որ Չինաստանը կաջակցի բոլոր առաջարկներին ու նախաձեռնություններին, որոնք կօգնեն թուլացնել լարվածությունն ՈՒկրաինայում, Պեկինը պատրաստ է շարունակել շփումները ԱՄՆ-ի և մյուս շահագրգիռ կողմերի հետ: «Սինհուա» գործակալությունը նշել է, որ «ՈՒկրաինայի օրինակով՝ այլ երկրների քաղաքացիները հերթական անգամ տեսան՝ ինչպես մի մեծ երկիրը մասերի բաժանվեց Արևմուտքի կոպիտ և եսասիրական վարքագծի պատճառով»: Մեկնաբանության մեջ նշվում է, որ ուկրաինական հարցում Ռուսաստանը «պաշտպանում է իր լեգիտիմ շահերը», իսկ «ՈՒկրաինան գտնվում է քաոսի ու փլուզման եզրին, որ հրահրել է Արևմուտքը»: Արևմտյան երկրները «Սինհուա» -ի գնահատականով՝ «թերագնահատեցին իր հիմնական շահերը ՈՒկրաինայում պաշտպանելու Ռուսաստանի պատրաստվածությունը, իսկ ռուսները ևս մեկ անգամ հաստատեցին իրենց հեղինակությունն ու խորաթափանցությունը հակաքայլեր նախապատրաստելու ու կատարելու մեջ»: