Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, որ իրենք հարյուրավոր կիլոմետրերով հեռու են Ղրիմից և ՈՒկրաինայից, բայց շարունակում են ուշի-ուշով հետևել այնտեղի իրադարձություններին։ Նա կարևորել է ՈՒկրաինայում ճնշման նվազեցումն ու Ղրիմում հանրաքվեի հետաձգումը։ «Մինչ այս պահը հստակ արդյունք չկա, սակայն մենք մեր դիվանագիտական հնարավորություններն օգտագործելով անում ենք հնարավորը՝ ճնշումը նվազեցնելու և Ղրիմում ճգնաժամը միջազգային օրենքների համաձայն, երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու համար»,-ասել է նա։ Դավուդօղլուն տեղեկացրել է, որ իրենք մշտական շփման մեջ են Ղրիմի թաթարների հետ։ «Հատկապես Ղրիմում մեր թաթար եղբայրների, ազգակիցների վնաս չկրելու համար ջանքեր չենք խնայում։ Փառք Աստծո, մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել»,-ասել է նախարարը։