Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա կարգով ձերբակալել է ուկրաինական «Աջ հատված» շարժման ղեկավար Դմիտրի Յարոշին: Ավելի վաղ Քննչական կոմիտեն միջազգային հետախուզում էր հայտարարել Յարոշի նկատմամբ: ՌԴ իշխանությունները Դմիտրի Յարոշին մեղադրում են ահաբեկչական կոչերի համար:
Մարտի 1-ին Դիմիտրի Յարոշը ВКонтакте-ի իր էջում դիմել էր հյուսիսկովկասյան ծայրահեղականների ղեկավար Դոկու ՈՒմարովին: «Որպես «Աջ հատվածի» ղեկավար՝ կոչ եմ անում ակտիվացնել ձեր պայքարը: Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որքան թվում է: Դուք հիմա հաղթելու բացառիկ հնարավորություն ունեք: Օգտագործեք այդ հնարավորությունը»,-գրված էր հայտարարության մեջ: Հաջորդ օրը «Աջ հատվածը» հերքել էր լուրը, թե Յարոշը դիմել է ՈՒմարովին: Ասվել էր, որ հայտարարությունը կայքում հայտնվել է Յարոշի էջը ջարդելուց հետո:
Անցած շաբաթ Դմիտրի Յարոշը հայտարարել էր, թե պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ՈՒկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Նա ասել էր, թե Ռուսաստանի գործողությունները ոչ մի դեպքում չեն ազդի իր նախընտրական ծրագրերի վրա: