Վրաստանին սեպտեմբերին հնարավոր է տրամադրվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլան, եթե Ղրիմն ընդգրկվի Ռուսաստանի կազմում, գրում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանին և ԱՄՆ Պետդեպարտամենտին։
«Ռուսաստանի գործողություններն ՈՒկրաինայում հանգեցրել են Արևելյան Եվրոպայում դաշինքի ավելի կտրուկ քաղաքականության վերաբերյալ քննարկման վերսկսման անհրաժեշտությանը»,- նշել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։
ԱՄՆ Պետդեպարտամենտում էլ հայտնել են, որ ԱՄՆ-ն կաջակցի դաշինքին միանալու Թբիլիսիի ցանկությանը։ Պետդեպի աղբյուրի տվյալներով՝ «եթե Ռուսաստանը հայտարարի Ղրիմի միանալու մասին, Վրաստանին անդամակցության ծրագիրը տրամադրելու հարցը կարելի է համարել գրեթե որոշված»։
«Գրեթե» բառի կիրառումն աղբյուրը բացատրել է նրանով, որ դրան կարող է խանգարել միայն Գերմանիան, որի ԱԳՆ-ն, ինչպես և 2008-ին, ղեկավարում է Մոսկվայի հանդեպ բարյացակամ տրամադրված Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։