«1953-ին որոշվել էր ջրանցք կառուցել Դնեպրի և Ղրիմի միջև, այսինքն` ՈՒկրաինայի և Ռուսաստանի: Ռուսական իշխանությունների հետ խնդիրների պատճառով ծրագիր հայտնվեց` Ղրիմը հանձնել ՈՒկրաինային: Այն ժամանակ շինարարության համար պատասխանատու կլիներ միայն մեկ հանրապետություն` ՈՒկրաինան»,- գերմանական Die Welt-ին ասել է Նիկիտա Խրուշչովի որդին` Սերգեյ Խրուշչովը, ով 1991-ից բնակվում է ԱՄՆ-ում և աշխատում է որպես սառը պատերազմի գծով պատմաբան-փորձագետ: «Դա նորմալ էր, այդտեղ չկար գաղափարախոսություն, այլ միայն պրագմատիզմ»,-ասել է նա և հավելել, թե ԽՍՀՄ-ում սահմանների փոփոխման այլ դեպքեր էլ են եղել:
«Դա սովորական, միանգամայն օրինական գործընթաց էր: Տարածքի փոխանցմանը հավանություն էին տվել ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը, ինչպես նաև Ռուսաստանի և ՈՒկրաինայի Խորհուրդները: Շատերը կարծում են, թե հայրս այդ որոշումն ընդունել է միայնակ, բայց նա դա չէր կարող անել», -նշել է Սերգեյ Խրուշչովը: Նրա խոսքով՝ շատ շահարկումներ կան, թե իբր Ղրիմը «նվեր է տրվել» ՈՒկրաինային, բայց դրանք անհիմն են: «Օրինակ, ասում են, թե իմ հայրը ուզում էր կաշառել ՈՒկրաինայի պաշտոնյաներին կամ դա նվեր էր իմ ուկրաինուհի մորը: Այդ ամենը անհեթեթություն է»,-ասել է Խրուշչովի որդին: