Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին մեղադրել է միջազգային կայունությանը սպառնալիք ստեղծելու համար: Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ՈՒկրաինայում տիրող անորոշության փուլում իրեն դրսևորեց ոչ որպես հարևան երկրում կայունության ապահովման գործընկեր, որն ՈՒկրաինայի հետ ունի պատմական, մշակութային և տնտեսական սերտ կապեր: Մերկելը համոզված է, որ Ռուսաստանն օգտագործում է ՈՒկրաինայի թուլությունը:
Գերմանիայի կանցլերը ընդգծել է, որ Ռուսաստանը խախտում է ՈՒկրաինայի պետական միասնականությունը: Կանցլերի խոսքով՝ եթե Ռուսաստանը պատրաստակամություն չցուցաբերի լուծել ՈՒկրաինայի ճգնաժամը և առաջիկա օրերին արդյունքներ չգրանցվեն, մարտի 17-ին ԵՄ-ը որոշում կկայացնի երկրորդ աստիճանի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:
Մերկելը նշել է, որ երկրորդ փուլը ներառում է ոչ միայն ՈՒկրաինայում իրավիճակի ապակայունացման համար պատասխանատու անձանց այցերի սահմանափակում Արևմուտք և բանկային հաշիվների սառեցում, խոսքը նաև ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի անցկացումը չեղյալ հայտարարելու մասին է:
Եթե Ռուսաստանը շարունակի ապակայունացնել իրավիճակը և հրաժարվի մասնակցել բանակցությունների, կսահմանվի պատժամիջոցների երրորդ աստիճան, որը կշոշափի տնտեսական համագործակցությունը, ասել է նա: Մերկելն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: