Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղրիմը և Ղարաբաղը նույնացնելուց ոչինչ չի փոխվում

Ղրիմը և Ղարաբաղը նույնացնելուց ոչինչ չի փոխվում
14.03.2014 | 14:31

Մարտի 16-ին Ղրիմում կայանալիք հանրաքվեն աշխուժացրել է Հայաստանում խոսակցությունները ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Կարծիքները հիմնականում երկու խմբի են բաժանվում` Ղրիմի հանրաքվեն կարող է ԼՂՀ համար խնդրի լուծման նախադեպ ստեղծել և Ղրիմի ու ԼՂՀ հարցերը միանգամայն տարբեր հարթություններում են: Երեկ ՀՀ-ում ՈՒկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան ասուլիսում խուսափել է գնահատական տալ այս երկու խնդիրները նույնացնողներին: «Մենք զուգահեռներ չենք անցկացնի Ղրիմում տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հարցի միջև: Ես կարծում եմ դա քաղաքագետների, փորձագետների ու վերլուծաբանների գործն է»,-ասել է Իվան Կուխտան:

Նշենք, որ ժամանակին զուգահեռներ էին անցկացվում նաև Կոսովոյի և ապա` Հարավային Օսիայի միջև, սակայն նրանցից ոչ մեկը իրականում նախադեպ չհանդիսացավ ԼՂ հակամարտության կարգավորման համար: Լեռնային Ղարաբաղն իր աշխարհագրական դիրքով և այդ դիրքի հետ պայմանավորված` միջազգային հանրության շահերով բոլորովին այլ հարթությունում է, և թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար գոնե այն ինքնորոշման որևէ այլ դեպքի հետ չի զուգահեռվում: Քաղաքականության մեջ զուգահեռները տարվում են ավելի հաճախ ըստ շահերի, քան թե միջազգային իրավունքի նորմերի: Վերջիններս ավելի շուտ հարմարեցվում են առաջիններին: Ցավոք: Եվ ԼՂ հակամարտությունն այս պարագայում բացառություն չէ: Նկատենք, որ վերջերս Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարել էր, թե միանշանակ է, որ «Հայաստանը պետք է ազատի գրավյալ տարածքները, իսկ հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին»: Իրֆան Սիդիգը ԼՂ հարցը համեմատել էր Շոտլանդիայի իրավիճակի հետ` ասելով, թե Ղարաբաղում նույնպես պետք է հանրաքվե անցկացնել: Դժվար թե Մեծ Բրիտանիայի դեսպանը չիմանար, որ Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու պարագայում ինչ արդյունք կարձանագրվի:
Երկու օրից Ղրիմում տեղի կունենա հանրաքվե: Արևմուտքը և ՈՒկրաինայի ղեկավարությունը հայտարարել են, թե չեն ճանաչելու հանրաքվեի արդյունքները, քանի որ այն հակասում է ՈՒկրաինայի Սահմանադրությանը: Ի հակառակ սրա, ՌԴ իշխանությունը պնդում է, որ այն միանգամայն օրինական է: ՌԴ-ն նաև պնդում է, թե Ղրիմը ռուսական տարածք է և ակնարկում է Ղրիմի` Ռուսաստանին միացման մասին: Ինչ հետևանք կունենա երկու օր հետո կայանալիք հանրաքվեն, ցույց կտա ժամանակը, սակայն կախված ելքից՝ հետաքրքիր կլինի ՀՀ իշխանությունների պահվածքը: Կկարողանա՞ն Հայաստանի իշխանությունները Ղրիմի հարցի ռուսաստանանպաստ ելքի դեպքում ԼՂ հարցը տանել Ռուսաստանի կողմից այն ճանաչելու ուղղությամբ, թե՞ կշարունակեն հնազանդվել «մեծ եղբոր» քաղաքական քմայքներին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ