Ըստ CNN հեռուստաընկերության և ORC International խորհրդատվական ընկերության հարցման արդյունքների` ամերիկացիների մեծամասնությունը համարում է, որ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի համար:
Ի դեմս Ռուսաստանի՝ սպառնալիք են տեսնում հարցվածների 69 տոկոսը: Այս ցուցանիշը քսան կետով ավելի է, քան երկու տարի առաջ: Հարցվածների կարծիքով՝ Ռուսաստանից ավելի մեծ վտանգ ԱՄՆ-ի համար ներկայացնում են միայն Հյուսիսային Կորեան ու Իրանը: CNN-ի հասարակական կարծիքի հարցման բաժնի տնօրեն Քիթինգ Հոլլանդը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ նման բացասական վերաբերմունք չի արձանագրվել Խորհրդային Միության ժամանակներից ի վեր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցմամբ ընդգրկված ամերիկացիների 11 տոկոսը, բացասական` 68 տոկոսը:
Ինչ վերաբերում է ՈՒկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններին, հարցվածների ավելի քան 70 տոկոսը դրանք արդարացված չի համարում, իսկ 80 տոկոսից ավելին կարծում է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային օրենքները: