«Առաջին լրատվական»-ի զրույցում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ռեյիսին ասել է, որ հնարավոր է՝ այս տարի Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակում լինեն գազի հարցով բանակցություններ: ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի, Թեհրանում: Դեսպանն ասել է, որ Իրանը բոլոր հարևանների հետ ունի հարաբերություններ, իսկ Հայաստանի հետ՝ հատուկ հարաբերություններ, Հայաստանը քրիստոնեական երկիր է, Իրանը՝ մահմեդական: «Մենք ապացուցել ենք, որ մեր երկու երկրների հարաբերությունները պետք է օրինակելի լինեն աշխարհի համար, բոլոր երկրները պետք է փոխգործակցեն և ունենան համամարդկային հարաբերություններ իրար հետ: Ես կարծում եմ, որ եթե լինի չափավորություն, երբեք երկրների միջև խնդիրներ չեն լինի»,- ասել է Մոհամադ Ռեյիսին:
«Իրանը դիտարկո՞ւմ է իր գազը Հայաստանով Արևմուտք առաքելու տարբերակը, թե՞ Թուրքիային այլընտրանք չի դիտարկվում» հարցին դեսպանը պատասխանել է. «Գազի արտահանման համար անհրաժեշտ են տարբեր ուղղություններ: Աշխարհում ապացուցված է, որ կապը և փոխանցումները, արտահանումները պետք է լինեն տարբեր ուղղություններով, այսինքն՝ դրանից ելնելով՝ չի նշանակում, որ եթե մի ուղղությամբ գազ ենք արտահանում, դա հակասում է մեկ այլ ուղղությամբ գազ արտահանելուն: Եթե Հայաստանի միջոցով արտահանվի, իհարկե, անհրաժեշտ է, որ Հայաստանում այդ ենթակառուցվածքը ստեղծվի»: Մոհամադ Ռեյիսին նշել է, որ աշխատանքներ են տարվում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այս տարի Հայաստան այցի համար: