Իրանի և վեցնյակի բանակցությունների երկրորդ փուլը կմեկնարկի Վիեննայում՝ Քեթրին Էշթոնի և Ջավադ Զարիֆի մասնակցությամբ: Առաջին փուլը փետրվարի կեսին էր, նույնպես Վիեննայում: Բանակցությունների ավարտից հետո Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն ասել էր, որ այդքան հաջող քննարկումների ակնկալիք չուներ: Մարտի սկզբից Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԷՄԳ), վեցնյակի և Իրանի ներկայացուցիչները Վիեննայում բանակցել են փորձագետների մակարդակով՝ բանակցությունների երկրորդ փուլը նախապատրաստելու համար: Անցած տարվա նոյեմբերի 4-ին կողմերը հավանություն էին տվել վեցամսյա ժամանակավոր համաձայնագրին, ինչը նախատեսում էր, որ վերջնական համաձայնագիրը մեկ տարվա ընթացքում կպատրաստվի: Իրանը պարտավորվել էր վեց ամսում դադարեցնել ուրանի հարստացումը մինչև 20 % և 5 %-ից ավել չհարստացնել, իսկ մինչև 20 % հարստացված ուրանի պաշարներից ազատվել, դադարեցնել Արակայի ծանր ջրով ռեակտորի շինարարությունը, չգործարկել ուրանի հարստացման համար նոր ցենտրիֆուգներ ու ընդլայնել ՄԷՄԳ փորձագետների մուտքը իր միջուկային օբյեկտներ: Ի պատասխան՝ Արևմուտքը մեղմացնում էր Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Համաձայնագիրը սկսել է իրականացվել այս տարվա հունվարի 20-ից: