«Ռուսաստանը համաձայնել է մինչև մարտի 21-ը «հրադադար» հաստատել Ղրիմում, այնպես որ Օբամայի վարչակազմը քիչ ժամանակ ունի պատերազմը կանխելու համար։ Կկարողանա՞ ինչ-որ մեկը ժամանակին փոխել Պուտինի հաշվարկները»,- գրել է The Daily Beast-ը: Օբամայի վարչակազմը պատժամիջոցներ է կիրառել ռուս և ղրիմցի առաջնորդների նկատմամբ, սակայն այդ քայլերը դժվար թե կանխեն հակամարտությունը։ «Ակտիվների սառեցումն ու մուտքի արգելքը կարծես բավական ցավոտ չեն»,- գրում են լրագրողներ Ջոշ Ռոգինն ու Էլի Լեյքը։ Համաձայն անկախ հետազոտության արդյունքների՝ նման քայլերը կարող են միայն բեռ դառնալ ռուսական տնտեսության, նվաստացում՝ ռուսական կառավարության համար, սակայն մոտ ապագայում ընդամենը «անհարմարություն» կլինեն։ Առավել խիստ միջոցառումներ կարող են լինել գլոբալ ֆինանսական շուկաների հետ Ռուսաստանի փոխգործակցության հնարավորությունների վրա ազդելն ու ռուսական էներգակիրների արտահանման սահմանափակումները կամ առևտրային պատժամիջոցները, ասված է հոդվածում։
Macro-Advisory ընկերության ուսումնասիրության մեջ նշվում է, որ Արևմուտքը, հատկապես՝ եվրոպական երկրները, «կործանարար» և «աղետալի» պատժամիջոցներ չեն իրականացնի, քանի դեռ Պուտինը չի խախտել անթույլատրելի ևս մեկ սահման. չի ներխուժել ՈՒկրաինա։
«Ռուսաստանի համար ռիսկային վարկածն է՝ արգելել կամ սահմանափակել Ռուսաստանի փոխգործակցությունը գլոբալ ֆինանսական շուկաների հետ և (կամ) ընտրողական սահմանափակումները Ռուսաստանի հետ առևտրի կամ ներդրումների հարցում»,- ասված է զեկույցում։ Ներդրողները ենթադրում են, որ «աղետալի» պատժամիջոցները դեռ չեն ներառվի օրակարգում, քանի որ բացասաբար կազդեն և անխուսափելի հետևանքներ կունենան նաև ԵՄ մի քանի երկրների համար։ Բուշի վարչակազմի նախկին աշխատակիցներից Թոբի Գեյթին ասում է, որ ռուսական տնտեսության դեմ լայնամասշտաբ հարձակումները պրակտիկ չեն, սակայն մտածված, նեղ նպատակային պատժամիջոցները ռուսական էլիտայի հանդեպ կարող են ճնշել Պուտինին։