Ռուս պաշտոնյաների վրա ազդեցություն չեն գործել ԱՄՆ-ի իշխանությունների սահմանած պատժամիջոցները՝ գտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը: Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ ռուս և ուկրաինացի պաշտոնյաների ակտիվների սառեցումը և այլ պատժամիջոցներ անարդյունավետ են և արհամարհանքի են արժանացել: «Հավանաբար, ցուցակն ավելի կարճ էր, քան սպասվում էր, սակայն ցուցակում են ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, քան ենթադրվում էր ավելի վաղ»,- նշում է Sky News-ի թղթակից Ամանդա ՈՒոքերը։
Նրանցից մեկը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, բավականին ազդեցիկ կերպար է և մեկը նրանցից, ով բացահայտ ծաղրել է պատժամիջոցները։ Իր միկրոբլոգում նա գրել է՝ «Ընկեր Օբամա, իսկ ինչպե՞ս վարվել այն մարդկանց հետ, ովքեր ոչ հաշիվներ ունեն, ոչ էլ կարողություն արտերկրում։ Թե՞ Դուք այդ մասին չեք մտածել»։ Վլադիսլավ Սուրկովը, որը ժամանակին եղել է Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և ում ձեռքում մինչ օրս կենտրոնացած է մեծ իշխանություն, նույնպես ծաղրել է պատժամիջոցները՝ հայտարարելով, որ իր համար պատիվ է հայտնվել այդ ցուցակում։ Նա նշել է, որ ԱՄՆ-ում իրեն հետաքրքրում են միայն ռեփեր 2Pac-ը, Ալեն Գինսբերգը և Ջեքսոն Փոլոքը։ Եվ անկեղծ ասած՝ ինքը կարող է նրանց ստեղծագործությունների հասանելիությունն ունենալ առանց որևէ վիզայի։
Վաշինգտոնը հայտարարում է, որ պատժամիջոցները կազդեն և դրանք կարելի է փոփոխել՝ թուլացնել, եթե Ռուսաստանն անի այն, ինչ իրեն խնդրում են՝ հրաժարվել ուկրաինական հարցի շուրջ իր դիրքորոշումներից, չի բացառվում նաև խստացնելը։
ԱՄՆ-ի ներկայացուցիչներին հարց են տվել, թե կսահմանվե՞ն պատժամիջոցներ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Նրա կարողության մասին ողջ տեղեկությունը գաղտնիք է Ռուսաստանում։ Այդ պատճառով էլ, պատժամիջոցներ կիրառելու համար նախ պետք է հասնել նրա փողերին, իսկ դա այդքան էլ հեշտ խնդիր չէ, եզրափակում է վերլուծաբանը։