ՈՒկրաինական glavcom.ua կայքը անդրադարձել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին: Կայքը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այն տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ և ակնարկել, որ երկու երկրների ղեկավարների լրատվական ծառայությունները միմյանցից տարբերվող հաղորդագրություններ են տարածել: Կայքը նշում է, թե ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ կողմերը «արձանագրել են, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը», մինչդեռ Կրեմլի լրատվականը ավելի կարճ հաղորդագրություն է տարածել և չի հիշատակել ՀՀ նախագահի կողմից հնչած աջակցության խոսքերը, այլ նշվել է, որ նախագահները «կարծիքներ են փոխանակել» Ղրիմի և Սևաստոպոլի` Ռուսաստանի հետ «վերամիավորման» շուրջ:
Glavcom.ua-ն հիշեցնում է, որ անցած աշնանը «Ռուսաստանի ճնշմամբ՝ Հայաստանը կտրուկ փոխել է եվրաինտեգրմանն ուղղված իր քաղաքականությունը» և հայտարարել, որ երկիրը կանդամակցի ՄՄ-ին: «Հայաստանը նաև ոչ պաշտոնապես աջակցում է Լեռնային Ղարաբաղին, որն անջատողական շրջան է հարևան Ադրբեջանում, որտեղ ապրում են հիմնականում տեղի հայերը և, չնայած դրան, չի փորձում բռնակցել այն ու նույնիսկ պաշտոնապես չի ճանաչում նրա` ինքնահռչակած «անկախությունը»»,-գրել է glavcom.ua-ն: Նշվում է նաև, թե Ադրբեջանը, որն «իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում ունի անվերահսկելի անջատողական շրջան, հայտարարել է, թե աջակցում է բոլոր պետությունների և, մասնավորապես, ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: