Գեորգի Մարգվելաշվիլիի գործողություններն ինձ հիասթափեցնում են` «Իմեդի» հեռուստաընկերության եթերում անսպասելի հայտարարություն է արել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: «Չեմ թաքցնում, ես ավելին էի սպասում: Նախագահական ընտրություններից հետո մոտ երկու ամիս շարունակ մենք արդեն ընտրված նախագահի հետ բավական թեժ բանավեճեր ենք ունեցել: Ես և Մարգվելաշվիլին բավական լուրջ տարաձայնություններ ենք ունեցել: Ընտրություններից հետո ի հայտ եկան Մարգվելաշվիլիի բնավորության միանգամայն այլ, նախորդ ժամանակից սկզբունքորեն տարբերվող գծերը»,- հայտարարեց Իվանիշվիլին` նկատելով, որ Վրաստանի չորրորդ նախագահից իր հիասթափության գլխավոր պատճառներից մեկը Հավլաբարում գտնվող նախագահական պալատի շուրջ զարգացումներն էին:
«Մինչև ընտրությունները Գեորգին այդ շինությունն անվանում էր բռնության, չարիքի և հղփացածության խորհրդանիշ: Դա նրա խոսքերն են: Այսօր սակայն նա շարունակում է աշխատել Սաակաշվիլիի կառուցած պալատում: Այս օրինակը մատնանշելով՝ ես չեմ ցանկանում ասել, թե Մարգվելաշվիլին իրավունք չունի օգտվել Հավլաբարի նստավայրից: Պարզապես ես ցանկանում եմ ցույց տալ, թե որքան արագ են փոխվել նրա մոտեցումները»,- ասաց Իվանիշվիլին:
Նախկին վարչապետը նախագահի պաշտոնում առաջադրած իր թեկնածուին քննադատեց նաև թիմում Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության հետ առնչություններ ունեցող անձանց ներգրավելու, դատաիրավական բարեփոխումների ընթացքը խոչընդոտելու փորձերի մեջ:
Բիձինա Իվանիշվիլիի այս հարցազրույցից մի քանի ժամ անց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մամուլի ասուլիս հրավիրեց՝ հենց քննադատության թիրախ դարձած Հավլաբարի նստավայրում: «Բիձինայի մեկնաբանությունները, նրա վերաբերմունքը ինձ համար շատ կարևոր են, ես շատ բարձր եմ դասում նրա կարծիքը: Փաստը, որ նա ինձ քննադատում է, տհաճություն և ցավ է պատճառում: Իվանիշվիլին նշեց, որ եղել են հարցեր, որոնց շուրջ մենք չենք կարողացել գալ ընդհանուր հայտարարի: Այնուհանդերձ, ես չեմ պատրաստվում բացահայտել տարաձայնություններ առաջացրած հարցերը, քանի որ բացառապես իմ և նախկին վարչապետի հարաբերություններն են, այլ ոչ թե իմ, Իվանիշվիլիի և լրատվամիջոցների հարաբերությունները»,- ասաց Մարգվելաշվիլին: Հավլաբարի նստավայրի հարցում Վրաստանի ղեկավարն իր բացատրությունն ուներ. «Մենք դեռ նախընտրական շրջանում որոշել էինք, որ այս շենքը հանձնվելու է նոր ստեղծվող համալսարանին: Այդ նախագծի իրագործումը սակայն մինչ օրս չի մեկնարկել: Նախագահի աշխատակազմի մի մասն արդեն իսկ տեղափոխվել էր այլ շենք, սակայն որոշ ժամանակ առաջ ես հասկացա, որ երկու տարբեր վայրերում աշխատելը բավական դժվար է և որոշեցի վերադառնալ Հավլաբարի նստավայր»: