Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ և Հարավային Կովկաս, ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանային անվտանգությանը թեմայով խորհրդաժողովի ընթացքում, որ տեղի է ունենում ՆԱՏՕ-ի աջակցությամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ափսոսանք է հայտնել Ղրիմի վերաբերյալ Հայաստանի հայտարարության կապակցությամբ: Դեսպանն ասել է, թե ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն է արել այդ կապակցությամբ:
Թե հատկապես ինչ հայտարարություն նկատի ունի Հեֆերնը, պարզ չէ: Հնարավոր է, որ նա նկատի ունի Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում հնչեցրած միտքը, որ Ղրիմում տեղի է ունեցել ժողովրդի ինքնորոշման հերթական ակտ: Չի բացառվում, որ դեսպան Հեֆերնը նկատի ունի կամ ակնարկում է նաև Արցախի դիրքորոշման մասին, որտեղից ոչ միայն ԱԳՆ և ԱԺ մակարդակով եղան հայտարարություններ, այլ նաև տոնական համերգ Ղրիմի համար:
Այն, որ այդ ամենն Արևմուտքը պետք է ընդուներ ցավով ու ափսոսանքով, կասկած չկա: Արևմուտքի համար էլ սեպտեմբերի 3-ից հետո երևի թե պետք է կասկածներ չլինեն Հայաստանի իշխանության պահվածքի հարցում: