Հայաստանի կողմից Ղրիմի բռնակցման ճանաչումը բացասական հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա, այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՈՒկրաինայի փոխարտգործնախարար Դանիլո Լուբկիվսկիյը. հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Այսօր, ինչպես և երեկ, արդեն երկու անգամ հրավիրել ենք Հայաստանի դեսպանին։ Նրան փոխանցել ենք մեր մտահոգությունը։ Նույնը փոխանցել ենք նաև Հայաստանում մեր դեսպանին։ Այսօր հայկական կողմին դիվանագիտական նոտա ենք հղել։ Դրանում մեր՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման առնչությամբ բացատրություններ ստանալու վերաբերյալ ուղերձն է։ Մենք դիմում ենք Հայաստանին՝ պաշտոնապես և հրապարակայնորեն հայտնելու, որ այն չի ճանաչում Ղրիմի անեքսիան։ Մենք այս պատասխանն ենք ակնկալում։ Եթե լինեն հայտարարություններ կամ գործողություններ, որոնք կընկալվեն ոչ բարեկամական, ապա դա բացասական հետևանքներ կունենա երկու երկրների հարաբերությունների վրա»,- РБК-Украина-ի փոխանցմամբ՝ ասել է փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք, երկու օր առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:
Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը այս առնչությամբ «Ազատությանը» փոխանցել է. «ՈՒկրաինական կողմից նոտան ստանալուն պես կձևակերպենք մեր պատասխանը և կքննարկենք՝ այդ պատասխանը հրապարակայնացնելու ենք, թե՝ ոչ»։