Ռուսաստանը դեռ զերծ կմնա ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների կիրառումից և ՈՒկրաինայի հետ վիզային ռեժիմ սահմանելուց՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Կիևը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հակասական հայտարարություններ անել։ «Մասնավորապես՝ հայտարարություններ են եղել, որ նրանք կամ դադարեցնում, կամ առկախում են իրենց մասնակցությունն ԱՊՀ-ին, պատրաստվում են վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ։ Եթե դա տեղի ունենա, մենք նույնպես կներկայացնենք մեր առաջարկությունները»,-ասել է Լավրովը։ «Ինչ վերաբերում է առաջին դեպքին՝ ամերիկյան պատժամիջոցներին, և երկրորդ դեպքին՝ ՈՒկրաինայի կողմից վիզային ռեժիմի սահմանմանը, ես կարծում են, որ մենք պետք է ձեռնպահ մնանք պատասխան քայլերից։ Ինչ վերաբերում է վիզային ռեժիմին. մեր կողմից վիզա սահմանելու դեպքում ՈՒկրաինայում կտուժեն միլիոնավոր անմեղ ուկրաինացիներ, որոնք հարուստ չեն և աշխատում են Ռուսաստանում՝ ընտանիքներին օգնելու համար։ Դա պետք չէ անել»,-ասել է ՌԴ նախագահը։