«ԼՂ ստատուս քվոն ձևավորվել է Ղարաբաղի պատերազմի արդյունքում, որի ընթացքում սպանվել են հազարավոր մարդիկ, իսկ տասնյակ հազարավորները ստիպված լքել են հարազատ վայրերը, որտեղ նրանք ապրել են դարերով: Ղրիմում չկար էթնիկ զտում` ի տարբերություն Ղարաբաղի: Ղրիմը բացարձակ խաղաղ տարածք է, որը կառավարության լեգիտիմության կորստից հետո անիշխանության իրավիճակում որոշել է ինքնորոշվել այդ ձևով»,- vestikavkaza.ru-ին ասել է ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոն: Նա ասել է, թե Ադրբեջանի ժողովուրդը «բաղկացած է ոչ միայն թուրքերից, այլև Կովկասի աղվանական ծագման ժողովուրդներից». «Ղարաբաղի խանությունը նրանց բնիկ տարածքն է, ովքեր հետագայում ձևավորել են ադրբեջանցի ազգը և իրենց անվանում են ադրբեջանցի: Այդ պատճառով Ղարաբաղից նրանց արտաքսումը հանցագործություն է, և միայն նրանց` հայրենիք վերադարձից հետո կարելի է խոսել ինչ-որ հանրաքվեի մասին: Առանց փախստականների Ղարաբաղ վերադարձի՝ ցանկացած հանրաքվե անօրինական կլինի»:
Ըստ Շևչենկոյի` անհիմն են այն լուրերը, թե Ռուսաստանը մտադիր է միջամտել ԼՂ հակամարտությանը Ղրիմի բռնակցումից հետո: Նա ասել է, թե ռազմական առումով Ռուսաստանը ավելի կապված է Հայաստանի, քան Ադրբեջանի հետ, քանի որ Գյումրիում են տեղակայված ռուսական ռազմակայանները, սակայն Ռուսաստանը երաշխավորն է տարածաշրջանում պատերազմի բացակայության: «Պետք է հիշել, որ ՀԱՊԿ-ը գործում է միայն այն դեպքում, եթե հարձակումը ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում է: Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում, այդ պատճառով դե յուրե պատերազմը Ղարաբաղում նախադեպ չի համարվում ռուսական զորքերի` Ադրբեջան մտնելու համար»: