Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «անբարո, ստոր և անազնիվ» է անվանել YouTube-ում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության նիստի տեսագրությունը, որում քննարկվում է Սիրիա հնարավոր ներխուժման հարցը՝ հաղորդել է Radikal-ը: «Այսօր տեսագրություն է տեղակայվել YouTube-ում: ԱԳՆ-ում նիստ է անցկացվում՝ կապված ազգային անվտանգության, Սուլեյման Շահի դամբարանի հետ, որ Սիրիայի տարածքում է: Նույնիսկ դա է հայտնվել YouTube-ում: Դա անբարո է, ստոր և անազնիվ: Մենք կհասնենք նրանց որջին»,- հայտարարել է Էրդողանը Դիարբեքիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլին տեսահոլովակի հրապարակումը որակել է «սպառնալիք ազգային անվտանգությանը».
Խոսքի ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ YouTube-ի Twitter-ի ծառայությունների շրջափակումը Թուրքիայում նշանակում է ԵԱՀԿ անդամ երկրի պարտականությունների խախտում:
«Մի շաբաթում Թուրքիայում արգելափակվել է YouTube-ի և Тwitter-ի մուտքը: Պարբերական գրաքննությունը մուտքի արգելափակման միջոցով անընդունելի է ժողովրդավարական երկրներում և խախտում է ԵԱՀԿ պարտավորությունները ու միջազգային ստանդարտները, որոնց միացել է Թուրքիան», - ասել է Միյատովիչը: