Այսօր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած «Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները և դրանց արտացոլումը Հայաստանի ներքաղաքական կյանքում» թեմայով սեմինարի ժամանակ քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշեց, որ Ռուսաստանի կողմից նկատվում է ռևանշիզմ: Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա Աղասի Ենոքյանը նկատում է սողացող ռուսականություն, և դա իրականացվում է քարոզչամիջոցներով:
Աղասի Ենոքյանի դիտարկմամբ՝ Մաքսային միությանը միանալը միավորել է բոլոր հիմնական քաղաքական ուժերին: Այդ ուժերին էլ քաղաքագետն անվանում է «ռուսալեզու վեցյակ»: Նա հիշեց, որ ժամանակին թե՛ Ղարաբաղի հարցում, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների մասին եղել են քննարկումներ, տարաձայնություններ:
«Ամեն դեպքում Կրեմլը հաղթում է: Իշխանությունը կմնա նույնը, թե իշխանության կգա Գագիկ Ծառուկյանի ընդդիմությունը` Կրեմլը հաղթող է դուրս գալիս»,-ասաց նա:
Աղասի Ենոքյանը կարծիք հայտնեց, որ պետք է ձևավորել մեկ այլ հարթակ և մտածել փակուղուց դուրս գալու մասին:
Աղասի Ենոքյանը նկատեց, որ ոչ ռուսամետ ուժերը նախ քիչ են, և բացի այդ՝ համախմբված չեն: Նա նշեց, որ պետք է մեր հասարակության մեջ ջարդել այն կարծրատիպը, թե ՀՀ նախագահը Վլադիմիր Պուտինն է:
Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ առաջիկայում պետք է ներկայացվի «ճանապարհային քարտեզը», համախմբեն այն քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ու անհատներին, որոնք գիտակցում են Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգը: ԱԺ պատգամավորը նկատեց, որ պետական հեռուստաընկերությունն իրականացնում է ռուսական կիսելյովյան քարոզչությունը: Այս համատեքստում նա կարևոր է համարում անհատների, քաղաքացիական խմբերի նախաձեռնությունները:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ