Հրաչյա
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Եվ այդ աչքերը հանկարծ հազարավոր այլ մարդկանց միջից որսում են տղային, գտնում են նրան, ինչպես ասեղն են գտնում ծովում, և կառքի լուսամուտից դուրս ցցված մատը տղայի կողմն է ուղղվում. «Ձերբակալեք, ահա, նրան, որը պատուհանին է բարձրացել։ Թող նստի բանտում, մինչև հիշեմ, թե որտեղից եմ ճանաչում»։
Քաղառածս նորից փշաքաղեց մաշկս, գիտեմ, երկու տող էլ կարդամ՝ դողալու-փշակալելու են խեղճացած ոսկորներս, բայց ուժ ունենանք կարդալու շարունակությունը.
«Ահա այսպես բռնեցին տղային ու սկսեցին սրերով մաշկահան անել խեղճին, խորովել ածուխների վրա, որ խոստովաներ, թե որտեղ է իրեն տեսել իշխանության մարդը։ Բայց նավահանգստի բերդի սոսկալի խցում ոչ մի խոշտանգում չհարկադրեց կալանավորին հետ կանգնել սրբազան ճշմարտությունից. նա կրկնում էր եղելությունը մի այնպիսի համոզչականությամբ ու աննկուն խիզախությամբ, որ գեներալը, ի վերջո, ստիպված էր խոստովանել իր սխալմունքը՝ երբեք նախկինում չի հանդիպել Բրաուլիո Լինարես Մոսկոտեին. «Բայց հիմա այլ ելք չկա, պիտի նստի։ Այնպես վատ են վարվել հետը, որ եթե չի էլ եղել, հիմա դարձած կլինի թշնամի»։ Եվ դժբախտը փտում էր խցում, իսկ գեներալը ոչինչ չհիշելով, դեռ թափառում էր իր մռայլ Իշխանության տանը...»։
Ծով չունենք, բնականաբար, չունենք նավահանգիստ, ուրեմն նաև՝ նավահանգստի բերդի սոսկալի խուց, ո՛չ Բրաուլիո Լինարես Մոսկոտեն է մերը, ո՛չ էլ նրան ճանաչողը։ Բայց մերը մեզ համար է ուրիշ։ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպը մեզ համար չի կարող ուրիշ լինել, որովհետև Նոբելյան մրցանակի դափնեկրի գիրքը, ինչպես շեշտում է վեպի թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը, աղերսներ ունի մեր նորօրյա իրականությանը, ընդլայնում է կենսատարածքը՝ մեր կյանքի արտացոլումն առնելով իր մեջ։
Էսպես կասեինք, կմտածեինք, եթե անկախությունը որպես Լուսավորչի կանթեղ ընդունող նվիրյալները չհայտնվեին իշխանության-գեներալի քացու տակ, զնդան չնետվեին, մինչև մի բան մոգոնեն, ամենակարևորը՝ իշխանության մարդը նրանց ու նրան որտե՞ղ է տեսել։ Նաև լավը փորձենք տեսնել. ի՜նչ լավ է, որ ածուխ չունենք, մեր հերոսներին չենք խորովում զուտ ազգային ածուխների կրակով։
Բստրովի իշխանությունն ինչ է, որ նրա իբր պահած երկիրն ու ժողովուրդն ինչ լինեն։ Ժողովրդին ինչ տալիս, չի տալիս իշխանությունը, գրողին, դժբախտաբար, գրելու անսպառ նյութ ու թեմա է տալիս, միայն թե ժողովուրդը, ինչու ոչ, հենց իշխանությունը պետք է ունենան իրենց Նահապետը, իրենց Աշունը, հենց իրենց Գարսիա Մարկեսը։ Մարկեսը եթե իր ժողովրդինն է, եթե աշխարհինն է, ուրեմն նաև մերն է։ Բայց ժամանակը ինչ վիճակ էլ թելադրի, որպես հին ժողովուրդ, պետք է հասկանանք, որ ամեն ինչ տերավորինն է։ Պահիր, որ ունենաս։ Իշխանությունը թեկուզ ցավ բերի, ինչպես ասում են, դրա ձեռից էլ դա է գալիս, ուրիշ շնորհք չունի,- ցավին դու պիտի տեր լինես, ժողովո՛ւրդ, միշտ ու ամենուր ցավքաշ ժողովուրդ։ Ինչ հասարակարգ էլ լինի, ժամանակը հասարակարգին ինչ անուն էլ կպցնի, շատ խնդիրներ մնալու են նույնը. իր տանը, իր հողի վրա, իր երկրում ժողովուրդ պահելու խնդիր կա, պետություն պահելու խնդիր կա, ամենից առաջ՝ ամեն տրամաչափի իշխանավորի պահել-պահպանելու, մանավանդ գլխեգլուխ կերկոխելու խնդիրները կան ու կան։ Դրանց քոքը չի կտրվելու, տակռապոկ չեն լինելու։ Հողի նման ամեն ինչ դժվարությամբ է ստեղծվում։ Միլիոն տարի է պետք, որ հողը հող դառնա։ Բայց մի գիշեր-ցերեկվա հեղեղ է պետք, որ տուն դրած հողդ թուլանա, քրքրվի, սրբվի, քարը քսվի։ Հողի նման դժվար է ստեղծվում լեզուն։ Լեզուն հողի նման խնամք է սիրում։ Տան նման, հողի նման միշտ էլ վտանգված է լեզվի կյանքը։ Երեկ լեզուն կյանք էր ու կյանք էր տալիս, այսօր ոչ թե լեզուն է դառնում որբ ու անտերի մեկը, այլ այն կրողն է դառնում լքյալ, մեծ ճանապարհի մոլորյալ։ Ի՜նչ ժողովուրդներ ու լեզուներ են ճանապարհ ընկել, փայլատակել, շողշողացել, զորացել, հզորացել ու... Ո՞Ւր են։ Մեր լեզուն զորավոր արմատներ ու շերտեր ունի։ Օրհնանքը շերտ է։ Օրհնանքը եթե կա, անպակաս պիտի լինի նաև անեծքը։ Գեղջկական օրհնանքներին ու նույն գեղջկական անեծքներին ոչինչ ի զորու չէ հաղթելու։ Օրհնանքները բարեբեր անձրև են, ոսկեթել, ոսկեկար, ոսկենկար, հենց մատյաններ՝ անձեռակերտ, ժողովրդին ուղեկից։ Անեծքնե՜րը... Մեկ էլ լսվում է՝ էդքան անեծքին ո՞նց են դիմանալու, էդքան անեծքի տակից դրանք դուրս եկողը չեն... Մենք մեզ հավատացրել ենք, շարունակում ենք հավատացնել, թե մենք Աստծո ընտրյալ ժողովուրդն ենք, օրհնված ժողովուրդ ենք, Հիսուսին էլ ենք քայլեցնում մեր հողով, լսել տալիս մեր բառը, օրը ցերեկով կանչում, թե Քրիստոսի բարուրաշորը հրես մեզ մոտ է... Բայց ծանրակշիռ անեծքների էս տոպրակները ո՞վ է կախել մեր վզից, եզնախուրջինները ո՞վ է դրել մեր ուսին, իբր ոսկեջուր լուծը լավ էլ հարմարվել է մեր վզին։ Լուռ ու լռած չենք եղել երբեք։ Խոսքը չենք ծամել, ասել ենք՝ հայտնվելով նաև աքցանի մեջ, զնդանում հարազատ և օտար անհուշներում ու սիբիրներում։ Եվ երազած անկախությունն ավելի բացեց մեր լեզուն։
Հավատացինք՝ լեզվից զրկվել չկա։
Տնից զրկվել չկա։
Հայրենիքից զրկվել չկա։
Զրկվել չկա երազանքից։
Մի հարց քո ոտի հետ իր ոտն է փոխում և ուղեկցում քեզ, քո շվաքն է դառնում՝ փորձելով լրտեսել քեզ։ Անգամ չես հասկանում՝ քո մեջ նստած գեղջո՞ւկն է հայհոյում, դո՞ւ, թե՞ հարցը մարմին է առնում, քո ձայնով ինքն է խոսում։ Օրհնո՜ւմ, օրհնում ես նրանց, ովքեր անկախության ճանապարհին մարտիրոսվեցին, նահատակվեցին, եռաբլրվեցին, ովքեր փրկեցին հայոց օջախի, հայոց լեզվի, հայ հայրենիքի պատիվը, անունը։ Եվ հանկարծ ժողովուրդը հալածյալ է դառնում իր տանը, իր հողի վրա, իր հայրենիքում։ Ամեն ինչ ասել, ամեն ինչ անել, որ մարդ միայն մի բան կարողանա անել՝ զզվել... Դե, ուրիշ բան ու գործ չունենք, գոնե իրավունք է տրվում ազատորեն զզվելու։ Անխելք մարդիկ, իհարկե, լինում են երկրի երեսին, դա նաև հեքիաթներից գիտենք։ Ագահներին, անկուշտներին նույնպես հեքիաթներից գիտենք։ Խորամանկներին, ստահակներին, սուտասաններին, մարդասպաններին, յոթգլխանի դևերին, նույնպես, հա, բա տականքները, բոլորին գիտենք հեքիաթներից։ Հիմա սրանք զոռով, շառով եկել են ու մեր կյանքը դարձրել մի այլանդակ տեսակի իրապատում-հրաշապատում հեքիաթ։ Ոչ թե հեքիաթ-հեքիաթ պապս կամ Չախ-Չախ թագավոր, այլ՝ որ մեկին էլ նայես, պիտի հիշես՝ նմանդ չկա ամբողջ աշխարհում։ Կողոպուտի, համաժողովրդական թալանի դասընթացներ չանցած տղերքը (նաև սիրասուն կնանիք) էս ինչ օյին բերին ժողովրդի գլխին, երկրի, հողի գլխին, կարելի է տեսնել ու չհավատալ։ Ա՜խ, եթե միայն խելք ունենայինք, էն էլ էն գլխից։ Չէ՛, թե բնովի չէ, տվովի է, թող խելքից առաջ բախտ տրվեր մեզ, բա՜խտ, բախտ որ տրվեր, խելք էլ կտրվեր, խելքի հետ, բնականաբար, ամեն ինչ։ Ասում ենք ճակատագիր, բայց տրված բախտի մոտ ճակատագիրը պարզապես ճակատի գիր է։ Եթե գրողի տարած բախտ ունենայինք, ապա հաստատ մեր սեփական բախտը կունենայինք, էլ ո՛չ դես, ո՛չ դեն։ Բախտ ունենայինք՝ անբախտությունը վրա չէր տա. նախ էսքան անունավոր ու անանուն, անգամ իրենց անհայտ կուսակցություններ չէինք ունենա։ Էնպես էլ ասում ենք՝ չէինք ունենա, որ լսողը պիտի զարմանա՝ ե՞րբ ունենք որ, իրենց համար ստից կան։ Ստից շատ բաներ կան, որ մերը չեն, ժողովրդինը չեն, բայց ժողովրդի շլնքին լավ էլ նստած են ու չէ, չեն ճիպտում, գրաբարով ասած՝ լավ քլնգում են։ Քլնգում են օտարի համար։ Դե, մեղր ծախողը տիրոջ ոտի բութ մատը կլպստի։ Էս լպստրակները, որ լավից էլ լավ հայեր են ներկայանում, լավ էլ լիզում են, սովոր են, վարժ են։ Մենք մեր պատմության ու աշխարհի՝ մեզ բաժին հասած պատմության ընթացքում լավ ու վատ սովորեցինք ամեն ինչ, բայց չսովորեցինք ստեղծել պաշտամունք՝ տածած հայրենասերին, ազատամարտիկին, զինվորին։ Ո՛չ ուսուցչին ենք պաշտում, ո՛չ զոհին, իսկ հերոսին, մարտնչողին... դատում ենք։ Դարեր, հազարամյակներ ճամփա ենք գնում, գնո՜ւմ-գնում ենք, գալի՜ս ու գալիս ենք, դժնի ճանապարհներից խելք չենք ժողովում, չենք խրատվում, պատմության քառուղիներից մեր բաժին խրատը չենք առնում, էսքան կորցնելուց հետո, երբ էլ կորցնելու բան չի մնում, մի ածու ու մի կանաչ է մնում, ծակաչք-ագահները գալիս ու բնիկներին դուրս են հանում։ Կայծակն ինչպես կաղնուն խփի՝ նման խոսք են ասում՝ հայի տեղը միշտ էլ նեղ է եղել, ով հասել՝ մեր գլխին դմփել է։ Նենգ օտարի հարվածներ են հասցնում մեր վերջին հողակտորի վրա մնացած մեր մեծ ու փոքրին, մեր հացին, մեր լեզվին, հենց մեր հավատին ու կրոնին։ Էնպես ենք մոլորվել ինքներս մեր մեջ, որ թվում է, թե էլ գնալու տեղ ու ճանապարհ չունենք, մեր ժողովուրդն ինքն իր երկրում կորցնում է հույսի ճանապարհը։ Դա սարսափելի է։ Ինչպես իրար չճանաչելը։ Ազգի առաջնորդը, հենց իշխանավորները պետք է ժողովրդի ծոցից դուրս եկած լինեն։ Եթե նմանին տեսել եք, ճանաչում եք, ուրեմն մեզ էլ ինչ դարդ ու ցավ։ Մի ժողովուրդ, որն ինքն իրեն չի ճանաչում, ինչպես կարող է ճանաչել թշնամուն։ Կարելի՞ է միթե հույսը դնել օտարի վրա։ Հիշողության կորուստ ունի մեր ժողովուրդը՝ էդպես էլ չսովորեց, չխրատվեց։ Հույսը՝ միշտ օտարին։ ՈՒրախանում, աշխարհով մեկ ենք լինում, երբ որևէ երկիր՝ հզոր կամ թույլ, ճանաչում է հայերի դեմ կատարված եղեռնագործությունը, ցեղասպանությունը։ Հզոր երկրները՝ Ռուսաստան կլինի, թե Ամերիկա, Թուրքիա կլինի, թե Ֆրանսիա, երբեք աչքների քունը չեն կտրի, թե մտածում են Հայաստանի մասին։ Բայց որ մտածում են, դա հաստատ է։ Ի՞նչ անեն, որ Հայաստանը միայն իրեն պատառ դառնա։ Շուտ երևաց, որ էս բռնովի անկախությունը քող է։ Անունը ո՞վ դրեց հաղթանակ։ Ազատագրված տարածքներն անգամ իրենք չհասկացան, որ ազատագրված են։ Հողը չհասկացավ, ջուրը չհասկացավ, որովհետև հենց մարդը, ազատագրող մարդը, եռաբլուրվածը չհասկացան։ Թշնամուն ծնկի բերողը ծնկի էր բերելու նաև նրանց, ովքեր, որպես Հայաստանի իշխանավոր, պարզապես դատարկեցին Հայաստանը՝ դռնեդուռ, երկրեերկիր նետելով հազիվ շունչ առած մեր ժողովրդին։ Եվ ո՜նց են հավատում, որ իրենք իշխանավոր են, գործ են անում։ Եվ ամեն պաշտոն երաշխավորում է ապահով կյանք։ Անգամ հանրապետության նախագահի պաշտոնը նշանակում է... ունևորություն։ Էդպես չլիներ, լավ ապրելու համն առած Ռոբերտ Քոչարյանը հայտ չէր ներկայացնի վերադարձի։
Պատմությունը մերն ենք համարում։ Մեզ թալանել են մոնղոլաբար, թաթարաբար, սելջուկաբար, թուրքաբար, ռուսաբար... Արդեն քառորդ դար է՝ բաց աչքով տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանը, երկրում մնացած ժողովրդին թալանում հենց հայաբար։
Կարելի է զզվել, շատ զզվել, շա՜տ շատ զզվել։ Էսքան ասել-խոսել-գրե՞լ կլինի, որ գիշեր-ցերեկ ասում-խոսում-գրում ենք։ Իբր ազատություն է, անկախություն է, ազատ խոսքի իրավունք է։ Գիրը, ամենազոր, ամենափրկիչ հայոց գիրը պարտվում է։ Տագնապ է, խեղճացած ժողովուրդը տագնապի փող է հնչեցնում, բայց ո՞վ է լսողը։ Մի ակնթարթում հարստացած իշխանավորներ, որ նաև ոսկու հանքեր ունեն, անտառներ ունեն, ունեն ամեն ինչ, բայց չունեն... Նրանց շատ պե՞տք է, որ հացի կարոտ հայեր կան, ժողովուրդ կա Հայաստանում, որ վախի մթնոլորտ է ամենուր, գործազրկություն, որ օրենքով շարժվել չկա, օրենքով։ Երկիրը ղեկավարվում է, իհարկե, ղեկավարվում է, բայց ո՞վ է ղեկավարում. մի քիչ Ռուսաստանը, մի քիչ Ամերիկան, մի քիչ Թուրքիան, մի քիչ էլ նրանց նշանակած տեղական նշանակության տրամաչափի իշխանիկներ, մի քիչ մի քիչը... ՈՒ թե էսքան էլ մի քիչ կանք, գոհ լինենք։ Աշխարհի հին-մին ժողովուրդներից ենք, հնուկ ենք, հարուստ լեզու ունենք, անգամ կորած, ճամփին մնացած ժողովուրդների պատմությունն ենք պահում մեր Մատենադարանում, տասնյակ ու տասնյակ ժողովուրդների հետ ենք աղ ու հաց կիսել, ճամփա գնացել, բայց ժամանակ չենք ունեցել իրար ճանաչելու։ Մեր բոլոր գործերը թարս են գնալու, որովհետև իրար չենք ճանաչում։ Դեռ քիչ է հարցնելը, իմանալը, թե ես, դու, նա բնիկ որտեղացի ենք։ Դրան գումարվեց տնաքանդ կուսակցությունների բջջային բջությունը։ Ազգային ողբերգության շարունակություն դարձավ Քերթողահոր «Ողբը»։ Եվ մենք առոք-փառոք նստել ենք մեր անկախության բանտում և սպասում ենք էն օրվան, մինչև օտարերկրյա տերերը տեղական տերերին հարցնեն և իմանան, թե որտեղից են ճանաչում մեր ժողովրդին։ Իսկ ժողովուրդը գնում է օտար ափեր, որպեսզի այնտեղ ճանաչի ինքն իր նմանին, հենց իրեն։ Բախտ ունենայինք՝ բախտ կունենայինք, ուրիշի ձեռքով մենք մեզ չէինք հոշոտի։