Թուրքիան հրաժարվել է Ղրիմի բռնակցման դեմ ակտիվ հակագործողություններից: Այս մասին հայտարարել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևը, ով Թուրքիայում հանդիպում է ունեցել երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ջեմիլևի խոսքով` Թուրքիայի ակտիվ գործողություններին խանգարել է նրա էներգետիկ կախվածությունը, քանի որ Թուրքիան իր գազի 50 տոկոսն ստանում է Ռուսաստանից: Բացի դրանից ապրանքաշրջանառությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կազմում է 38 մլն դոլար: Ռուսաստանի հետ համագործակցության դադարեցումը Թուրքիային կարող էր տանել տնտեսական աղետի: Ջեմիլևը նշել է, թե Անկարային խնդրել էր ռուսական ռազմանավերի համար փակել Բոսֆորի նեղուցը և թուրքական նավատորմն ուղարկել Ղրիմի թերակղզու ափերի մոտ, «որպեսզի ագրեսորն իրեն այդքան վստահ չզգա»: Ըստ zn.ua-ի`թուրքերը Ջեմիլևին ասել են, թե դրանցից առաջինը հակասում է միջազգային համաձայնագրերին, իսկ երկրորդի համար պահանջվում է ՆԱՏՕ-ի որոշումը: Արդյունքում` Թուրքիան սահմանափակվել է հայտարարություններով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե իր երկիրը չի լքի Ղրիմի թաթարներին և Վլադիմիր Պուտինից պահանջել էր հարգել Ղրիմի բնիկ ժողովրդի իրավունքները: