Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեխ Վալենսան Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է դատել Հաագայում կամ այլ միջազգային դատարանում՝ Ղրիմում իրականացրած գործողությունների համար:
«Ես սպասում եմ՝ երբ աշխարհը Պուտինին տղամարդու պես պատասխան կտա: Այժմ բոլորն ինչ-որ կոմբինացիաներ են օգտագործում»,- ասել է Վալենսան հարցին ի պատասխան, թե արդյոք աշխարհը համաձայնել է Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիային: Նրա խոսքով՝ աշխարհը չպետք է ընդունի ՈՒկրաինայի բաժանումը, և դրա փոխարեն պարտավոր է միավորվել համատեղ ուժի շուրջ, «որը կստիպի Պուտինին ընտրել XXI դարին արժանի վարք»:
«Չի կարելի խախտել նորմերը, պայմանագրերը և ստեղծել աշխարհի ժողովուրդների համար վտանգ: Պետք է յուրաքանչյուրն իմանա, որ նման արարքի համար կդատվի: Դրա համար պետք է կազմակերպել միջազգային հանձնաժողով և սկսել Ռուսաստանի դեմ գործընթացը»,- համոզված է նախկին նախագահը:
Նա հավելել է, որ աշխարհը չի կարող Պուտինին ներել Կիևի Մայդանում զոհվածների և ուկրաինական տարածքի կորստյան համար, «որովհետև դա վատ կվերջանա բոլորի համար»: