ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկուշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի հետ վարած բանակցությունների արդյունքում հայտարարել է ռուս - ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին:
«Մենք (Ադրբեջանի) գլխավոր շտաբի պետի հետ քննարկել ենք ռազմատեխնիկական հետագա համագործակցության հարցեր: Այդ համագործակցության ընդլայնման համար հեռանկարներ կան», - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերասիմովը: Ադրբեջանի անկախացումից ի վեր՝ 1991 թվականից, սա Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի առաջին այցն է Բաքու:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի համագործակցությունը զարգանում է «բարձր մակարդակով և բոլոր ուղղություններով՝ ռազմական շինարարության, կրթության և ռազմատեխնիկական»:
«Վերջին տարիներին այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում: Այսօր Ադրբեջանի զինված ուժերը Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն են ստանում: Այդ ամենը նպաստում է մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը»,- ասել է գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
«Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հարաբերությունների զարգացումը հաջող է ընթանում: Հիմնականում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերն է: Շարունակվում է մեծ գործարքների իրականացումը: Մենք համագործակցում ենք շատ ոլորտներում, և այդ համագործակցությունը հաջող է», - Վալերի Գերասիմովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիխովը: