ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հիմարություն է որակել Պետդումայի մի քանի պատգամավորների կոչը` դատելու իրեն ԽՍՀՄ փլուզման համար: Քաղաքագետի կարծիքով` նման նախաձեռնությունները պատմական փաստերի տեսանկյունից «լիովին չհիմնավորված են» և «արտացոլում են մի քանի պատգամավորների անձնական PR անելու ձգտումները»:
«Փաստ է, որ ես ինչ-որ մեկին խանգարում եմ: Միայն վերջին քսան օրվա ընթացքում մի քանի անգամ հայտարարեցին, որ ես մահացել եմ: Այդ մարդկանց մեջ խիղճ չկա»,- ասել է Գորբաչովը:
Հայտնի է դարձել, որ Պետդումայի մի քանի խմբակցությունների պատգամավորներ հարցում են պատրաստել գլխավոր դատախազ Յուրի Չայկայի անունով՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ Գորբաչովի գործունեությունը ստուգելու համար: Նախաձեռնողները եղել են «Եդինայա Ռոսիա»-ից Եվգենի Ֆեոդորովը և Անտոն Ռոմանովը, կոմունիստներ Իվան Նիկիտչուկը և Օլեգ Դենիսենկոն, ինչպես նաև` Միխայիլ Դեգտյարևը` ՌԴ-ի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից: Հարցման հեղինակները հիշեցնում են, որ 1991թ. նոյեմբերի 4-ին Գորբաչովի դեմ հարուցվել էր քրեական գործ, որը հաջորդ օրը փոխվեց: Այժմ նրան մեղադրում են ԽՍՀՄ պետական խորհուրդ ստեղծելու և այդ մարմինը ղեկավարելու մեջ, որը ԽՍՀՄ սահմանադրությամբ, որպես պետական մարմին, նախատեսված չէր: Հենց պետխորհուրդն ընդունեց մերձբալթյան երկրների անկախության ճանաչման մասին որոշումը:
Պատգամավորների հարցումը 1991թ. իրադարձությունները վերանայելու առաջին փորձը չէ: Ապրիլի 8-ին հայտնի էր դարձել, որ ՌԴ Գերագույն դատարանը մերժել էր Տոլյատիի մի բնակչի գանգատը, որը վերաբերում էր ԽՍՀՄ-ի ապօրինի փլուզմանը: Քաղաքացիական ակտիվիստ Դմիտրի Տրետյակովը հայց էր ներկայացրել ԽՍՀՄ-ի` ոչ սահմանադրական փլուզման մասին: Նա գտնում էր, որ ԽՍՀՄ նախկին հանրապետությունները նրա կազմից դուրս եկան` խախտելով այդ պահին գործող օրենսդրությունը և առաջարկում էր ՌԴ-ում և նախկին միութենական երկրներում անցկացնել հանրաքվե` ԽՍՀՄ-ի վերակազմավորման հարցով: