Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով. այժմ 2024 թվականի համար պարտքեր կան, ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը, այնուհետև համապատասխան որոշումներ կընդունվեն»,- զգուշացրել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Կարգախոսը նույնն է՝ «Մենք փոխվում ենք»

Կարգախոսը նույնն է՝  «Մենք փոխվում ենք»
13.04.2014 | 13:55

«Իրատես de facto»-ի հյուրն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆԸ:

-Մինչև բուհի ռեկտոր դառնալը՝ ինչպե՞ս եք գնահատում գիտնականի Ձեր կյանքը:
-Գիտնականի իմ կյանքը խորհրդային տարիներին է ակտիվ եղել: Հետխորհրդային տարիներին գիտությամբ այդքան ակտիվ չեմ զբաղվել, թեպետ և՛ դասախոսական, և՛ գիտական, և՛ ԲՈՀ-ի հանձնաժողովներում, և՛ պաշտպանության խորհուրդներում ընդգրկված եմ եղել: Հետխորհրդային ժամանակաշրջանը, ինչպես շատ շատերի համար, գիտության պասիվ շրջան էր, 90-ականի կեսերից որոշակի նահանջ կատարվեց:
-Ե՞րբ ընտրվեցիք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր:
-2014-ի ապրիլի 26-ին կլրանա տնտեսագիտական համալսարանում իմ պաշտոնավարման երեք տարին: Իմ դասախոսական և գիտական աշխատանքների ընդհատում չի եղել: Բուհն ավարտելուց հետո երազանքս գիտությամբ զբաղվելն էր, աշխատում էի գիտահետազոտական ինստիտուտում և խորացել էի շինարարության էկոնոմիկայի մեջ: Երբ Մոսկվայում ասպիրանտուրա ընդունվեցի, Հայաստանում շինարարության էկոնոմիկայի գծով գիտնականներ չկային: Երբ հիշում եմ՝ ինչ աշխատանքներ են կատարվել, ափսոսում եմ, որ հետխորհրդային շրջանում գործնականում հնարավոր չէր զբաղվել գիտության այդ ճյուղով: Իմ դոկտորական թեզը նույնպես վերաբերել է շինարարության էկոնոմիկային, այդ գծով ես Հայաստանում միակ դոկտորն եմ: Խորհրդային տարիներին Հայաստանում այդ մասնագիտությամբ գիտական խորհուրդ էլ չկար: Բնական է, որ հիմա էլ շատ դժվար է զբաղվել այդ ոլորտով:
-Շինարարության էկոնոմիկայի ոլորտում կուտակած մասնագիտական հմտությունները ռեկտորի աշխատանքում Ձեզ օգնո՞ւմ են:
-Բավականին: Ռեկտորի աշխատանքն ավելի շատ մենեջերի գործ է, քան գիտնականի կամ դասախոսի: Համալսարանը հսկայական տնտեսություն է, այսօր մենք խոշոր հարկատուների ցանկում ենք, 8000 ուսանող, 800 աշխատակից ունենք: Խորհրդային տարիներին, դեռ 80-ական թթ. կեսերից մենք փորձում էինք պլանային տնտեսությունից որոշակի ոլորտներում անցում կատարել չֆոնդավորված մեծածախ առևտրի համակարգին, որ շուկայական տնտեսությանն է բնորոշ: Առաջիններից մեկը Հայաստանում ստեղծվեց մեծածախ առևտրի վարչություն, և շատ շինապրանքներ ձեռք էին բերվում ազատ առևտրով: Դա 1987-88 թթ. էր, գորբաչովյան վերակառուցման ժամանակներն էին, երբ ազատականության հովեր էին անցնում ԽՍՀՄ-ի ողջ տարածքով: Մենք պետմատի համակարգում ստեղծեցինք մի կառույց, որ հետագայում դարձավ դեպի ազատ շուկա գնացող ճանապարհ: Դա գիտության շատ հետաքրքիր ուղղություն էր, ցավոք, հետագայում հնարավոր չեղավ խորանալ: Մինչև 1995-1996 թթ. Մոսկվայի հետ իմ կապերը պահում էի, հետո արդեն կյանքն իրենը վերցրեց:
-Մինչև Ձեր՝ համալսարանի ռեկտոր դառնալը և հիմա՝ ի՞նչ տարբերություններ կան բուհում:
-Իմ պատասխանը կարող է սուբյեկտիվ լինել: Երբ ընտրվեցի ռեկտոր, ծրագիր էի ներկայացրել «Մենք փոխվում ենք» կարգախոսով, որի շնորհանդեսին մասնակցում էին ԱԺ նախագահը, նախարարը, պաշտոնատար շատ անձինք: Ծրագիրը բազմակողմանի էր, ընդգրկուն, բայց հիմնականում պատասխանում էր մեկ հարցի՝ ինչպե՞ս եմ ես պատկերացնում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետագա հինգ տարիները: ՈՒզում եմ հավատալ, որ այսօր արդեն որոշակի հաջողությունների հասել ենք: Նպատակը կրթության որակի բարձրացումն էր և հիմա էլ նույնն է: Երկար մտածելուց հետո ես առաջնային խնդիր դարձրի գործատուների հետ հանդիպումը: Շրջանավարտ տնտեսագետները որտե՞ղ են աշխատանք գտնում: Խոշոր գործատուներ կան ֆինանսների նախարարությունում, էկոնոմիկայի, պետական եկամուտների կոմիտեում, առևտրային բանկերում: Ես սկսեցի նրանց հետ հանդիպումները՝ ուսումնասիրելու գործող կադրերի որակը և գործատուների պահանջները: Արդյունքում հանրապետության խոշոր յոթ գործատուների հետ կնքվեց մագիստրոսական կրթական ծրագրերի համաձայնագիր, որ արձանագրում է, թե մագիստրոսական կրթության որ մասնագիտացումներն են իրենց անհրաժեշտ, համատեղ ծրագրեր մշակվեցին, բուհում սկսեցին դասավանդել իրենց մասնագետները, արտադրական պրակտիկաները սկսեցինք իրենց մոտ անցկացնել, պետական քննություններին իրենք էլ մասնակցում էին, ուսանողների ավարտական թեզերի թեմաների ընտրությունն ու պաշտպանությունը իրենց հետ էինք կատարում, ավարտելուց հետո էլ լավագույն ուսանողներն աշխատանքի էին անցնում այդ համակարգերում: Հաշվի առնելով աշխատաշուկայում գործատուի պահանջները՝ ուսուցումը ավելի առարկայական, նպատակամետ, կոնկրետ ուղղվածություն էր ստանում: Մինչ այդ անորոշ վիճակ էր, մեր շրջանավարտը կարող էր որտեղ ասես աշխատել, հիմա մենք նեղ մասնագիտացում ենք ապահովում, որի պահանջարկը կա: Երեք օր առաջ եմ ստացել ՊԵԿ-ի նախագահի նամակը՝ լավագույն ուսանողներին աշխատանքով ապահովելու առաջարկով: Մեր մագիստրատուրայի ավարտական կուրսի բոլոր ուսանողներն աշխատում են ուսմանը զուգահեռ: Լավագույն ուսանողը չի կարող աշխատանք չգտնել:
-Տղանե՞րն են շատ, թե՞ աղջիկները:
-Աղջիկներն են շատ:
-Տնտեսագիտությունը տղաներին չի՞ հրապուրում, բոլոր դեպքերում դա ավելի շատ տղամարդու գործ է:
-Կյանքի կոնյունկտուրան կարծես փոխվել է: Տղաներն ավելի շատ զբաղված են բիզնես դաշտում, մեր ժամանակ հակառակն էր՝ աղջիկները 20-30 տոկոս էին, 70-80 տոկոս՝ տղաները: Աղջիկները լավ են սովորում, տղաներին ոչնչով չեն զիջում, թեպետ մեր աշխատաշուկայի պահանջարկը գերազանցապես հակված է տղամարդկանց կողմը:
-Երևանի պետական համալսարան, ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ այս անցումների մեջ բուհը պահե՞լ է իր նախնական առաքելությունը, կերպարը:
-Ես ընդունվել եմ համալսարան և հենց այդ թվականներին մենք համալսարանից առանձնացանք ու դարձանք ժողտնտեսության ինստիտուտ: Իհարկե, հետխորհրդային ժամանակներում եղել են որոշակի դժվարություններ, բայց այդ դժվարությունները կային բոլոր բուհերի համար: Կարծում եմ՝ ավանդույթները պահպանվել են: Ավելին՝ մենք ոչ միայն մեր բուհի դեմքն ու դիրքն ենք պահպանել Հայաստանի կրթական դաշտում, այլև նոր պայմաններում զարգացրել ենք նոր ուղղություններ, հնարավորն արել ենք ուսանողների ու աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավման համար: Մշակել ու ներդրել ենք անհատական բրենդբուքը՝ միայն մեզ ներկայացնող հայտանիշները: Գործարկել ենք նոր կայք, Facebook-ում բացել ենք մեր էջը: Նոր ձևավորմամբ ու որակով են սկսել հրատարակվել բուհական պարբերականները: Այս հունվարից 10 տոկոսով բարձրացել է աշխատակիցների աշխատավարձը, աշխատակիցների առողջության ապահովագրության պայմանագրեր են կնքվել: Էներգախնայողության ու անվտանգության նոր համակարգերի ենք անցել: Այս թվարկումը երկար կարող եմ շարունակել:
-Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը չի՞ ազդում ուսանողների քանակի ու որակի վրա, ինչպե՞ս եք հաղթահարում վճարովի կրթության բարդությունները:
-Մենք այդ պրոբլեմը չունենք: Նախ՝ շուկայում տնտեսագետների պահանջարկ կա, ապա՝ մենք ինքներս ենք նպաստում, որ լավ սովորող ուսանողը ուսման վարձի պրոբլեմ չունենա: Ծրագրեր ունենք, զեղչման համակարգեր:
-Ո՞Ւմ հետ եք այդ ծրագրերն իրականացնում:
-Համագործակցում ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների՝ ՎիվաՍելի, Օրանժի, բարեգործական հիմնադրամների հետ, որոնք կրթական ծրագրեր են իրականացնում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ: Պետությունն էլ զեղչեր է տրամադրում: ՈՒսման վարձի զեղչերի սոցիալական փաթեթ ինքներս ենք ներդրել: Այս տարի, երբ վարձավճարները մի քիչ բարձրացան, մենք առաջին կուրսեցիների համար կրթաթոշակի նոր համակարգ ներդրեցինք: Եթե ուսանողը սոցիալապես անապահով է և ունի որոշակի առաջադիմություն (իսկ դա երեքից բարձրն է), մենք նրան կրթաթոշակ ենք տալիս, ուսման վարձն էլ զեղչում ենք: Սա նոր համակարգ էր, որի մասին մինչև ընդունելությունն էլ հայտարարություն տվեցինք, որ դիմորդներն իմանան: Որևէ լավ սովորող սոցիալական պատճառով կրթություն չստանալ չի կարող: Մեր բուհից երեք տարում ուսման վարձի պատճառով որևէ ուսանող դուրս չի մնացել: Սոցիալական սուր խնդիրներ մեզ մոտ չկան:
-Իսկ մարզերից եկողնե՞րը, որ, բացի ուսման վարձից, նաև ապրելու տեղի խնդիր ունեն:
-Արդեն երկրորդ տարին է՝ գործում է «Տնտեսագետ» ուսանողի տունը, որ մեր ուսանողները վարձով չբնակվեն:
-Նկատի ունեք անվճար հանրակացարա՞ն:
-Հանրակացարանը մենք կարող էինք նաև անվճար տրամադրել, բայց որպեսզի ուսանողը զգա իր պատասխանատվությունը շենքի պահպանության համար, ամսական 5000 դրամ սիմվոլիկ վճար ենք սահմանել: Տաք ու սառը ջրով, կենցաղային բոլոր հարմարություններով, նոր նորոգված շենք է մեր հանրակացարանը, և մարզերից եկած ու սոցիալապես անապահով ուսանողը բնակվելու տեղի խնդիր չունի: Մեր ուսումնասիրություններով պարզել էինք, որ Երևան եկած ուսանողն ավելի շատ տան վարձ է տալիս, քան ուսման վարձ: Անգամ մայրաքաղաքի ծայրամասերում վարձով բնակարանը 50-60000 դրամ է: Տարեկան՝ 720000 է դառնում: ՈՒսման վարձը 270-400000 է: Մենք արագ վերանորոգեցինք նաև ճաշարանը, սննդի նվազագույն գներ ապահովելով: Որևէ շահույթ մենք չենք ստանում: ՈՒսանողների և դասախոսների ամառային հանգիստը կազմակերպելու համար Դիլիջանում ունենք մարզաառողջարանային կենտրոն, ուր տարեկան 200 հոգու անվճար ուղարկում ենք հանգստանալու:
-Ո՞րն եք համարում ամենակարևոր քայլը, որ երեք տարում արել եք:
-Չասեմ ամենակարևոր քայլը, բայց քայլերից մեկը համարում եմ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, որտեղ գործում է ներհամալսարանական գիտական դրամաշնորհների մրցույթ: Գիտահետազոտական աշխատանքներով զբաղվում են ոչ միայն դասախոսները, այլև մագիստրանտներն ու ասպիրանտները: Թեմաները և՛ մենք ենք առաջարկում, և՛ իրենք, հիմնականում այնպիսի խնդիրներ, որ կան կառավարությունում, գերատեսչություններում և ունեն կիրառական նշանակություն: Օրինակ՝ առաջարկություններ Հայաստանի վարչատարածքային բաժանման, սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունների, բուհի զարգացման ռազմավարական ծրագրի վերաբերյալ:
-Իսկ դիմորդների խնդիրն ինչպե՞ս եք լուծում մեր պայմաններում:
-Մեր դիմորդների քանակը բավականին շատ է տեղերի քանակից: Նման խնդիր մենք չունենք:
-Ի՞նչ տեղ ունի Հայաստանի տնտեսագիտական համալսարանը ակադեմիական գիտության շրջանակում:
-Խորհրդային տարիներին Հայաստանում գիտությունը հիմնականում տեղաբաշխված էր ակադեմիայում ու ճյուղային ինստիտուտներում, բայց դա մեծ խնդիր չէր, երբ բուհերը գիտությամբ զբաղվելու հնարավորություն ունեին: Հետխորհրդային ժամանակ դասախոսների զգալի մասը ոչ հնարավորություն ուներ վերապատրաստում անցնելու, ոչ տեղեկատվության լուրջ աղբյուրներ ուներ՝ դասագրքեր, ձեռնարկներ: Այդ պատճառով հրատապ խնդիր էր բուհի դասախոսի վերապատրաստումը: ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի ամենակարևոր կետերից մեկը բուհը հետազոտական կենտրոն դարձնելն էր: Դասախոսը եթե չի զբաղվում հետազոտական աշխատանքով, գիտության նորությունները չի կարող ուսանողին հաղորդել: Երեսուն տարի առաջ պաշտպանել են, վերցնում են դասախոսության տեքստն ու մտնում լսարան: Այդպես չպետք է լինի: Բավականին դժվարություններ հաղթահարելուց հետո այս տարի մենք բացեցինք հետազոտական կենտրոն և մեր բյուջեից 100 միլիոն դրամ հատկացրինք, անցյալ տարի 90 դասախոսներ ու ուսանողներ զբաղվել են հետազոտական աշխատանքներով: Այն մարդկանց համար, ովքեր ուզում են խորանալ գիտության մեջ, ֆինանսական հնարավորություններ բուհում ստեղծված են: Եթե լավագույն ցուցանիշ համարվում է գիտության 2 տոկոս ֆինանսավորումը, համալսարանի 2,7- միլիարդանոց բյուջեից 100 միլիոնը մենք հատկացնում ենք գիտահետազոտական աշխատանքներին:
-Հայաստանի տնտեսագիտական համալսարանը կապեր ունի՞ արտասահմանյան բուհերի հետ:
-Կապեր, իհարկե, կան, բայց բավարար չեմ համարում: ՈՒսանողների փոխանակում, համատեղ գիտահետազոտական ծրագրեր, դասախոսների վերապատրաստում՝ այս կետերից ամենաշատ ստացվում է համատեղ կոնֆերանսների անցկացումը։ Եվրոպական բուհերում վերապատրաստվելու համար մեր դասախոսներն ունեն լեզվի խնդիր: Միջազգային կապերի առումով հաջողություն եմ համարում մեր շահած՝ Տեմպուսի 7 ծրագրերը, որոնցից մեկի համակարգողը մենք ենք: Շահել ենք նաև շվեյցարական ծրագիր՝ կլոր սեղաններ են կազմակերպվում և քննարկվում են երկրի տնտեսական պրոբլեմները, վերջերս նման կլոր սեղան կազմակերպվեց Հայաստանի վարչատարածքային բաժանման թեմայով: Այս ծրագրում ընդգրկված են և՛ դասախոսներ, և՛ ուսանողներ, գործուղումներ են լինում Գերմանիա, Ավստրիա, Իտալիա՝ փորձի ուսումնասիրման նպատակով: ՈՒնենք նաև ուսանողների փոխանակության «Էրասմուս» ծրագիրը:
-Արտասահմանցի ուսանողներ ունե՞ք:
-Հիմնականում Հնդկաստանից ու Սիրիայից:
-Ձեր աշխատանքները կազմակերպելիս համագործակցո՞ւմ եք բարեգործական հիմնադրամների հետ:
-Այո, այդ թվում՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հետ, հիմնականում ուսանողների ուսման վարձերի, լսարանների նորոգման, կահավորման, տեխնիկական ապահովման հարցերում:
-Դա տեխնիկական աջակցություն է ուսումնական գործընթացի՞ն, թե՞ այլ ծրագրեր էլ կան:
-Մեր առաջարկները «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամին ներկայացրել ենք և հիմա քննարկման փուլում են, կարծում եմ՝ ավելին ասելու համար դեռ վաղ է: Ասեմ, որ մենք մեծ կարևորություն ենք տալիս հարմարավետությանը: Մեզ համար միջավայրը իսկապես կարևոր է, բուհում պետք է բուհական մթնոլորտ լինի: Երբ ես ստանձնեցի ռեկտորի պաշտոնը, բավականին տխուր վիճակ էր: Երեք տարում հաջողվեց փոխել արտաքին տեսքից ներքին կահավորումը: Դուռ-պատուհանից, բակի բարեկարգումից մինչև բուժկետի նորոգում ու կահավորում, հանրակացարանի վերանորոգում: Հիմա համագործակցում ենք Մեծ Բրիտանիայի «Globe Education LTD» հիմնադրամի հետ՝ համատեղ բիզնես-դպրոցի ստեղծման համար: ՊԵԿ-ը մեզ երեք արդիական լսարան է նվիրել, որ եվրոպական համալսարաններում էլ չկան, ինքներս ենք սկսել ինտերակտիվ լսարանների կահավորումը տարբեր ֆակուլտետներում: Թվայնացրել ենք մեր գրադարանը, գործարկել ենք «Տնտեսագետ» տպարանը: Համոզված եմ, որ այդ ամենը նպաստում է ուսման որակի բարձրացմանը, բուհ-ուսանող կապի ամրապնդմանը:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ