Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Մեր ժամանակի հերոսը

Մեր ժամանակի հերոսը
11.04.2014 | 13:19

Վրեժ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Գիշերները քամուց խշշացող ծառի հետ խոսելու թուլություն ունեմ: Քամին սուսուփուս մտնում է ծառի ծոցը, մի թեթև խուտուտ է տալիս, ծառը սիրուց տարուբերվում է, տերևներն սկսում են փսփսալ, խոսել, զրուցել, երբեմն` վիճել։ Հետո ծառը սկսում է խոսել ինձ հետ: Դե, ես էլ նայում եմ կողքերս, որ հանկարծ մեկը չնկատի, թե ոնց եմ ծառի հետ խոսում, թե չէ անմիջապես ինձ կարգին գժի տեղ են դնելու: Դե արի, հազար ու մի հարցնողի բացատրիր, որ ծառն է խոսակցությունը բացել։ Մի անգամ նոր ծանոթներիցս մեկին պատմեցի ծառախոսության մասին: Հակառակի պես ինքն էլ կուսակցական գործիչ էր: Միանգամից մխիթարական հայացքով ինձ նայեց ու իր հեղինակավոր կարծիքը հայտնեց` անպայման շտապ դիմիր բժշկի: Հետո խորհուրդ տվեց երեկոները հաճախ հանդիպենք, որ ինձ նորմալ մարդ դարձնի։
Երկրորդ օրը ծանոթիս նաև ասացի, որ մեկ-մեկ էլ գիշերվա հետ եմ խոսում, աստղալից երկնքի, գիշերային երազկոտ ամպերի։ Նա ավելի մռայլվեց և իր ծանոթ բժշկի հասցեն շտապ թելադրեց ինձ։
Հաջորդ հանդիպմանը միամիտ բերանիցս թռցրի, որ գինովցած պահերին շատ հաճույքով խոսում, երբեմն էլ վիճում եմ խմիչքի բաժակի հետ, հատկապես` դատարկ։
Ծանոթս, ինքնավստահ ժպտալով, անմիջապես եզրակացրեց.
-Հաստատ նարկոդիսպանսերում գրանցված ես, կարճ ասած` գժի թուղթ էլ ունես, կարող ես հանգիստ մարդ սպանել:
-Լավ, հարգելի կուսակցական, ես բաժակի հետ էլ եմ վիճում, բա դո՞ւ ում հետ ես վիճում։ Գոնե կնոջդ հետ վիճո՞ւմ ես։
-Չէ՛, չէ՛, չէ՛, ո՞նց վիճեմ: Անկողնում կարմիր քարտ ցույց կտա։ Առանց այն էլ, երբ սուսուփուս քնած եմ լինում, հանկարծ կողքից բզում է` ա՛յ տղա, ո՞ղջ ես, բա ինչու ես տեղաշորի մեջ կորել, մի ձեն հանի, գոնե խռմփացրու, որ իմանամ` կողքիս մարդ կա քնած։
-Լավ, գոնե շեֆիդ հետ վիճած կա՞ս:
-Գժվե՞լ եմ, ինչ է։ Իմ շեֆը վիճում է ինձ հետ, բայց ես չեմ պատասխանում, գոռգոռում է, այլանդակ հայհոյում։ Որ չեմ պատասխանում, ուսիս ինքնագոհ թփթփացնում է ու ասում` ապրես, դե գնա։ Հա, մի անգամ շատ գեշ մայր հայհոյեց ինձ: Հակառակի պես մայրս էլ կողքիս էր, չէր ճանաչում: Իմ բախտից մայրս վատ էր լսում, բայց ինձ հարցրեց. «Բալես, էդ մարդը քեզնից ի՞նչ է ուզում»: Ասացի. «Մամ ջան, քո առողջությունից է հարցնում»: Մայրս քաղաքավարի ժպտաց. «Աստված իր արևը երկար պահի, շնորհակալություն հայտնիր իմ կողմից: Ինչ լավ է, որ մեծի հարգանքը պահում են»:
Հաջորդ երեկոյան սուրճի վերջին ումպից հետո ծանոթիս զարմանքով հարցրի.
-Իսկ դու գոնե քեզ հետ երբևէ վիճե՞լ ես:
-Ես հո գի՞ժ չեմ, որ ինքս ինձ հետ վիճեմ: Բա որ հանկարծ ես ինձ հաղթեմ։ Եթե հաղթեմ, ուրեմն ես կործանվելու եմ:
Այդ գիշեր չկարողացա քնել, պատշգամբի դիմացի ծիրանենին ինձ էր շշուկով կանչում: Երկար լսեցի նրան: Զգում էի, թե ինչպես հողի ձայնը ծառի բնի միջով կամաց բարձրացավ, տարածվեց ճյուղերի մեջ, մտավ տերևները: Ծառը խշշում էր Բախի, Բեթհովենի ու Մոցարտի սիմֆոնիաներից ավելի չքնաղ ու գերող։ Խշշացող ծառը ամենահանճարեղ կոմպոզիտորն է: Ծիրանենին հողի երգն էր երգում` արմատներից եկող։ Հետո հանկարծ մի ուրիշ ձայն ականջիս հասավ: Հարևան շենքի բակի բարդին էր։ Նրա ձայնն ուրիշ էր: Խշշում էին ծիրանենին ու բարդին, պատմում աստղերի, երկնքի ու ամպերի մասին։ Ամբողջ տիեզերքն ականջիս խշշում էր։ Ձայները վեր էին բարձրանում, վեր...
Բակից լսեցի աղբարկղը քրքրող շների ստուգողական հաչոցը: Երևի նոր շուն է մոտեցել աղբարկղին, քննում են նրա հարցը` թողնե՞լ իրենց խմբի մեջ, թե՞ ուղարկել ուրիշ աղբարկղի մոտ։ Ընտրության պես մի բան էր, բայց կեղծել հնարավոր չէր։ Շները միանգամից լռեցին: Նայեցի ժամացույցին. գիշերվա ժամը չորսն էր։ Հասկացա, որ այդ ժամին քնում են նույնիսկ փողոցի անտուն շները: Գիշերը մոր պես գրկում է բոլորին, օրորում, օրորում հեքիաթներ։ Այդ պահին նույնիսկ սոված շները քաղցը մոռանում են. զորեղ է գիշերվա խորհուրդը։ Անգամ աստղերն էին քնել:
Մի ժամ խոսեցի գիշերվա լռության հետ: Ինչ ասես պատմեց բացբերան լռությունը` կարևոր գործուղման մեկնելու պատրվակով գիշերային ակումբներում միլիոններ վատնող անառակ որդիներից, իրենց անհավատարիմ ամուսիններից վրեժ լուծող, մի քանի ժամ ծանր հիվանդ ընկերուհուն այցելության պատրվակով «լևի» թռչող ճարպիկ կանանցից, ովքեր խոնջացած մարմիններով հապշտապ տունդարձին ծանոթ տաքսիստների բերանները փակ պահելու համար երբեմն նրանց էլ մի կեսբերան համբույր են շռայլում կամ, համառելու դեպքում, վճարի փոխարեն ձեռաց մի թեթև հաճույք էլ նրանց են բաշխում, բայց դե մտքում հանգստանալով. «Ջհաննամը, զաթո բերանը փակ կպահի»: Մայթերի խուլ ու ցավագին տնքոցը հասավ ականջիս։
Շները սկսեցին հաչել առավոտյան զինվորական հրահանգի պես` ոտքի՛... Սովետի տարիներին բանակում գոռում էին` պադյո՛մ... Նայեցի ժամացույցին. առավոտյան ժամը հինգն էր` աղբարկղերը մաքրելու և փողոցներն ու բակերը ավլելու ժամանակը: Շներն սկսեցին մեկ անգամ ևս ճշտել գիշերվա ստուգածը` հանկարծ պատահմամբ ոսկոր-մոսկոր մոռացած չլինեն աղբակույտերում։ Ընտանիքի հացի խնդիր կա, առանց այն էլ ձագերը դժգոհում են, որ ոսկորների վրա մի կտոր միս չեն թողնում անխիղճ մարդիկ. երևի իրենց վիճակն էլ մի բան չէ: Հա, մի անգամ Շուն մայրիկը ձագերին ասել էր, որ շատ մարդիկ շան օրի են։
Գիշերվա հետ վերջին զրույցս ժամը հինգին ավարտվեց, քաղաքը ճմլկոտելով արթնանում էր։
Երեկոյան ճիշտ նույն ժամին եկավ ծանոթս ու անհամբեր հարցրեց.
-Հը՞, ո՞նց ես, գիշերային զրույցներդ մի քիչ պակասե՞լ են։
-Էս գիշեր աղբանոցի շների հետ եմ խոսել, գիտե՞ս` ինչ լավ են իրար լեզու հասկանում, ես էլ` իրենցը,- երկմտելով ասացի, բայց անմիջապես էլ փոշմանեցի:
-Ի՞նչ, շների հե՞տ ես խոսել,- տարօրինակ ժպիտով նայեց ինձ ու բլոկնոտում փնտրեց ծանոթ հոգեբույժի հեռախոսահամարը: Հետո նա անհասկանալի շարժումներ արեց, ձեռքը ականջին տարավ, բայց շտապ քիթը քորեց, աչքերը ինչ-որ բան էին որոնում, բայց չէին գտնում։ Գնաց` հետ-հետ նայելով։
Հաջորդ երեկոյան պայմանավորված ժամին ծանոթս չեկավ: Զանգահարեցի հաջորդ օրվա կեսօրին: Զանգը գնում էր, բայց վերցնող չկար: Կասկածանքներս փարատելու համար որոշեցի գնալ նրա տուն։ Գուցե մեկի հետ վիճե՞լ է։ Երանի չէ՞ր... Հեռվից նկատեցի, որ իրենց մուտքի մոտ մարդիկ են հավաքված:
Հաստատ մեկի հետ վիճել է, երևի մի ծեծկռտուքի մեջ է ընկել: Փա՜ռք Աստծո, ուրեմն հույս կա, որ իր խխունջե պատյանից դուրս կգա,- ուրախացա և անմիջապես որոշեցի, որ մի օր նրան էլ վերջապես տանելու եմ ծառախոսության: Շտապեցի: Բակում սև ծածկոցով սեղանին դրված էր ծանոթիս... դագաղը:
Ափսո՜ս, պատյանը չկարողացավ հանել: Դագաղում էլ վախեցած է, տեսնես վերջին խոսքն ի՞նչ է եղել, անցավ մտքովս: Սգացող կանայք նրա բարեմասնություններն էին թվարկում։ Կնոջ լացն ամենևին էլ ողբ չէր հիշեցնում: Նրա խոսքերից մի քանի բառ հասան ականջիս. «Ախր, ամբողջ կյանքում մի թթու խոսք մեկին չասիր, բերանդ փակ մեռար»:
Թափորապետը շինծու խոր կսկիծով խնդրեց շարժվել դեպի գերեզմանոց: Շիրմափոսի կողքի հողաթմբին դրեցին դագաղը և ծաղիկներով շրջապատեցին: Հանգուցյալի կուսակից ընկերներից մեկը, ծիծաղը հազիվ կուլ տալով, մյուսին շշնջաց. «Ո՞նց չեն նկատել, շիրմափոսը լրիվ խոնավ է, հանգուցյալն էլ ուժեղ ռադիկուլիտ ուներ...»:
Դամբանական ասողը կոկորդը ցուցադրաբար մաքրեց, բոլորը լարվեցին:
-Սգո սիրելի հանդիսականներ, վիշտը շատ ծանր է, կորուստը մեծ,- դեմքին թախծոտ արտահայտություն տալով` սկսեց դամբանական ասողը և անմիջապես հիշեց, որ այդ խոսքերը բոլոր հանգուցյալների համար էլ ասում է: Մի պահ շրջվեց հանգուցյալի կողմը, նորից ցուցադրաբար կոկորդը մաքրեց, ինչպես սովորաբար անում էր կուսակցական ժողովների ելույթների ժամանակ, երբ ասելիք չկար, նույն տոնով շարունակեց.- Նա մեր կուսակցության արթուն խիղճն էր:- Ասաց ու հանկարծ հիշեց, որ հանգուցյալը գրեթե բոլոր ժողովների կեսից ննջում էր, երբեմն արթնացնում էին բանից անտեղյակ քվեարկելու համար։
«ՈՒրեմն կարելի է հակառակն էլ ասել,- մտածեց հռետորն ու շարունակեց,- նա չարի դեմ անհաշտ էր, վիճում էր, կռիվ տալիս»: Այս խոսքերի վրա սգացող կինը աչքի տակով հռետորին հարցական նայեց: «Մի երկու խոսք էլ ընտանիքի մասին ասեմ»,- անցավ հռետորի մտքով ու շարունակեց արդեն քնքուշ տոնով. «Հանգուցյալը սիրասուն հայր էր, բացառիկ հոգատար ամուսին. իսկական ասպետ էր»: Այդ մտքի վրա կինը ցավով հիշեց, որ վերջին մեկ տարում ամուսինը տղամարդ չէր: Համ էլ հեռվից հեռու լսել էր, որ գոմիկների հետ թաքուն մտերմություն ունի։ Բայց դե փողը բոլ-բոլ բերում էր, ինքն էլ մեկ-մեկ իր ջահել օրերի ընկերոջ հետ հաճույքի պակասը լրացնում էր։ Կուսակցությունը դրանից ոչ մի բարոյական վնաս չէր կրում, մանավանդ որ ամուսնու կուսակիցներից շատերի մասին փիս-փիս բաներ էին պատմում` իբր միասեռականներ են: Համ էլ դրանց խաթրին հիմա ո՞վ է կպչում...
-Ես այս ծանր փորձության ժամին, հանուն մեր կուսակցության պատվի և անաղարտության,- չափից ավելի լրջացած շարունակեց հռետորը,- առաջարկում եմ հարց բարձրացնել նրա կիսանդրին կուսակցության շենքի բակում կանգնեցնելու, նրա անունով փողոց ու դպրոց անվանակոչելու։ Թող նոր սերունդը նրա ոգով դաստիարակվի, ապագան իրենցն է։
Հռետորն այստեղ մեկ անգամ էլ կոկորդը մաքրեց` դամբանականը փառքով-պատվով եզրափակելու համար:
-Կանցնեն տարիներ, մեր ժողովուրդը միշտ արժանապատվորեն կհիշի նրա վեհ գործերը,- ասաց հռետորն ու հազիվ զսպեց ծիծաղը,- ախր, հանգուցյալը «արժանապատվորեն» բառը չէր կարողանում ճիշտ արտաբերել և հակառակի պես ժողովների ժամանակ միշտ լեզվին էր գալիս: Հետո փորձում էր պարզ հոմանիշ գտնել, ավելի էր խճճվում։ Շեֆը կոպտաբար ընդհատում էր, դիտողություն անում, որ բարդ բառեր չօգտագործի: Համ էլ ժողովականներն էին այդ պահին խիստ թաքուն ծիծաղում։ Ախր շեֆն էլ «ներկայացուցչություն» բառի վրա էր լռվում: Բայց դե ով հանկարծ մի թեթև նկատելի ծիծաղեր, ամբողջ կյանքում քոռ ու փոշման լաց կլիներ:
-Սիրելի սգակիր հասարակություն, հանգուցյալը մեր ժամանակի հերոսն էր...
Հռետորը շինծու հուզմունքով մոտեցավ շիրմափոսին, ձեռքը հողի մեջ խրեց. «Յըխկ, լրիվ ցեխ է»: Քանի որ շեֆը կողքից նայում էր, նա ցեխը քնքշանքով վերցրեց և, մտքում հայհոյելով, նետեց փոսը: Չգիտեմ ինչ մրթմրթաց, բայց ականջիս հասավ ընդամենը «գյոռ» բառը...
Չգիտեմ ինչու, բայց ես հանգիստ մոտեցա շիրմափոսին, վերցրի մի բուռ հող, ավելի շուտ ցեխ, որ շաղ տամ դագաղին, հողը տնքաց ափիս մեջ, դողն անցավ մարմնովս. «Խեղճ հող, ոնց ես էդքան բան պարտակում քո մեջ, ների՛ր, մայր հող, հազար անգամ ներիր»: Ցեխակոլոլ հողը շաղ տալիս ուզում էի ասել. «Թող հողը թեթև լինի քեզ վրա», հանկարծ լեզուս կապ ընկավ, և ակամա շշնջացի. «Ողորմի կողքի մեռելներին...»:

Դիտվել է՝ 154791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ