ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը մտածված է եղել որպես «զրոյական արդյունքով խաղ»՝ հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին հակազդելու համար:
«ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ի սկզբանե, հակառակ մեր նախազգուշացումների, զարգացել է գաղտնի, և պարզ է դարձել, որ այն մտածված է եղել «զրոյական արդյունքով խաղի» տրամաբանության հիման վրա»,- հայտարարել է Լավրովը: Նա նաև նշել է, որ հակառուսական տրամադրությունների հրահրումը վտանգավոր է եվրոպական կայունության համար: «Այսօրվա հակառուսական տրամադրությունների հրահրումը տեղի է ունենում ԵՄ շատ երկրներում ռասիզմի և քսենոֆոբիայի, ծայրահեղ արմատական խմբավորումների թվի աճի, նեոնացիստական դրսևորումների թողտվության ֆոնին: ՈՒկրաինայում կամ այլուր՝ այն ակնհայտ վտանգ է ներկայացնում եվրոպական կայունության համար»,- հավելել է արտգործնախարարը: