ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Ռուսաստանի նախաձեռնությամբ, արտակարգ հանդիպում է հրավիրել՝ արևելյան ՈՒկրաինայի ճգնաժամի առիթով։
Պատճառը ՈՒկրաինայի գործող նախագահ Տուրչինովի հայտարարությունն է ուղղված ռուսամետ անջատողականներին, որում նրանց մինչև ապրիլի 14-ը ժամանակ էր տվել, որպեսզի հանձնեն զենքը և հեռանան իրենց գրաված կառավարական շենքերից արևելյան ՈՒկրաինայի մի շարք քաղաքներում: Հակառակ դեպքում, ինչպես ասել էր Տուրչինովը, ուկրաինական բանակը սկսելու է իրականացնել հակաահաբեկչական լայնածավալ գործողություններ այդ տարածքներում։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ խիստ մտահոգ է այս հայտարարությամբ՝ ավելացնելով, որ Կիևը պետք է դադարեցնի ուժի կիրառումը և երկխոսություն սկսի։
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հակադարձել է, որ ճգնաժամն ՈՒկրաինայում արհեստականորեն ստեղծվել, ապա ղեկավարվել է ռուսների կողմից, ինչին համաձայնվել է ՈՒկրաինայի ներկայացուցիչ Յուրի Սերգեևը։