ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե ՈՒկրաինան քաղաքացիական պատերազմի նախաշեմին է: «ՈՒկրաինայում կրկին արյուն է թափվել: Երկիրը քաղաքացիական պատերազմի նախաշեմին է: ՈՒկրաինական ողբերգության պատճառն այն է, որ օրինական իշխանությունը նույնիսկ չի փորձել կարգուկանոն պահպանել երկրի շրջաններում, երբ սկսվել են վարչական հաստատությունների գրավումները»,- Facebook-ի իր էջում գրել է նա: «Իսկ ապօրինի իշխողները, ընդհակառակը, փորձում են վերականգնել այն կարգուկանոնը, որն իրենք են ստեղծել՝ իշխանության գալով զինված գրոհի արդյունքում»,- գրել է Մեդվեդևը։ Նա նշել է նաև, որ մեղք են մարդիկ, որ դարձել են իրենց չընտրած անտաղանդ քաղաքական գործիչների և անպատասխանատու ծայրահեղականների գերին, որոնք փոխարինել են ոստիկանությանը և բանակին:
Իշխանության դատարկությունը լրացրել է քաոսը, հավելել է վարչապետը՝ նշելով, որ այժմ արդեն պարզ են դարձել Կիևում իշխանությունը գրաված մարդկանց իրական մտադրությունները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ՈՒկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամի սրումը իշխանությունների անպատասխանատու քաղաքականության հետևանքն է։
«Ռուսաստանի նախագահը նշել է, որ ճգնաժամի կտրուկ սրումը Կիևի անպատասխանատու քաղաքականության հետևանքն է, որն անտեսում է երկրի ռուսալեզու բնակիչների օրինական իրավունքները և շահերը։ Ընդգծվել է ներկայիս ռեժիմի կողմից զինված ուժերի օգտագործման անթույլատրելիությունը՝ ՈՒկրաինայի հարավ-արևելքում քաղաքացիական բնակչության բողոքի ելույթները ճնշելու համար»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։