Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին տրամադրել ինքնավարության ամենաբարձր մակարդակը: Նա հույս է հայտնել, որ շուտով ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց կլինի: Փաստացի, դա Ադրբեջանի վերջին առաջարկն է՝ «ինքնավարության ամենաբարձր մակարդակը»: Անկախ, թե ո՞րն է այդ մակարդակը, առաջարկը Ադրբեջանում անթույլատրելի են համարել գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ համարելով, որ Ղարաբաղի այդ կարգավիճակը հնարավորություն կտա ազդել դաշնային որոշումների վրա, վետո դնել, դառնալ Ադրբեջանի «իրավահավասար» մաս:
ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը անհեթեթություն է համարում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե Ադրբեջանը կողմնակից է Ղարաբաղին ամենաբարձր մակարդակի ինքնավարություն տրամադրելուն: «Մեզ համար դա անհասկանալի է, մենք անկախ պետություն ենք, ի՞նչ բարձր ինքնավարություն: Այդ հայտարարությունը ոչ տրամաբանական է, ոչ էլ տեղին է, ընդհանրապես անհեթեթություն է, ինչպե՞ս կարելի է անկախ պետությունը փոխանակել կամ փոխարինել անկախությունն ինչ-որ ինքնավարությամբ»:
Բաբայանն ասել է, որ եթե Ադրբեջանն ուզում է ինքնավարություն տալ, թող տրամադրի իր տարածքում ապրող ազգային փոքրամասնություններին, դա խելացի և ժողովրդավարական քայլ կլինի: