ՈՒկրաինայի ճգնաժամի վերաբերյալ համաձայնությունը, որը երեկ ձեռք է բերվել Ժնևում տեղի ունեցած քառակողմ բանակցությունների արդյունքում, նախատեսում է ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի լիցքաթափում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա ասել է, որ հարցը հիմա այն է, թե արդյոք Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ՈՒկրաինայում կարգուկանոնի հաստատման համար: Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է ընդդեմ Ռուսաստանի հաջորդ պատժամիջոցները սահմանելու հարցը, եթե իրավիճակի զարգացման առաջընթաց չլինի: Օբաման ասել է, որ ինքը թերահավատ է Ռուսաստանի հարցում` նկատի ունենալով այդ երկրի նախորդ գործողությունները:
Նշենք, որ ըստ Ժնևում ձեռք բերված համաձայնության՝ ՈՒկրաինայում պետք է ազատվեն բոլոր գրավված վարչական շենքերը: Կողմերը նաև որոշել են ընդլայնել ԵԱՀԿ դիտորդների մանդատը ՈՒկրաինայում: Այժմ նրանք ոչ միայն կգնահատեն մայիսի 25-ին տեղի ունենալիք ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը, այլև ՈՒկրաինայի իշխանություններին և տեղական համայնքներին կօգնեն իրավիճակի լիցքաթափման հարցում: