«Քանի դեռ ժողովուրդը պաշտպանում է իր մշակույթը, կրոնը, պատմությունն ու ավանդույթները, նրան հնարավոր չէ նվաճել: Հայաստան և նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր հանրապետություններ է ներխուժել, այսպես կոչված, արևմտյան արժեքների քարոզչությունը, որն առաջին հերթին կոչված է երիտասարդության հետ աշխատելու: Միտումը հետևյալն է` ձևափոխել հասարակությունն այնպես, որ այն կորցնի կապն իր արմատների հետ ու դառնա հեշտ կառավարելի»,- այս մասին երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ, «Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավար ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ` աշխարհաքաղաքական այդ պրոցեսը բնորոշելով որպես գաղափարական պատերազմ: Նրա խոսքով` Արևմուտքի քաղաքակրթությունը հիմնված է լիբերալ ֆաշիզմի գաղափարախոսության վրա: Դա մեկ կամ երկու իրավունքների գերակայությունն է այլ իրավունքների հանդեպ: Օրինակ, երբ համասեռամոլի իրավունքն ավելի պաշտպանված է, քան նորմալ ընտանիքի իրավունքները, աբորտի իրավունքը գերիշխում է երեխա ծնելու, նոր կյանք ստանալու իրավունքին և այլն: Արման Բոշյանը նշեց, որ դրսի ուժերի հովանավորությամբ Հայաստանում ներդրվում են հակահայկական գաղափարներ. «Երեխաներին սովորեցնում են, որ սեռերի հավասարությունը նորմալ երևույթ է, որ մեր պատմությունը արժեք չունի, արժեք ունի միայն նյութը: Այդ մեթոդով ձևավորում են անառողջ հասարակություն, որը հետո բերում է դեգեներատիվ էլիտայի ստեղծման»: Բանախոսը փաստեց, որ իրենց հաջողվել է կանխել մեր դպրոցներում նման գաղափարախոսության տարածումը: Դրանք մերժվել են կրթության և գիտության նախարարության և կառավարության կողմից: Հարկ համարեց նշել նաև, որ լիբերալ ֆաշիզմն առաջին հերթին ուղղված է քրիստոնեության դեմ, որովհետև քրիստոնեական արժեք կրող մարդն ի սկզբանե հակաֆաշիստ է, ագրեսիվ չէ, թշնամաբար չի տրամադրված այլ մշակույթների, կրոնների հանդեպ:
Ամերիկյան ԶԼՄ-ները բազմիցս «Համահայկական ծնողական կոմիտեն» ու հենց Արման Բոշյանին անվանել են էքստրեմիստներ: Բանախոսը նշեց, որ էքստրեմիստները տարածում են գաղափարներ, որոնք հանդուրժելի չեն հասարակության մեծամասնության շրջանում, մինչդեռ Հայաստանում բնակչության 92 տոկոսը դեմ է գենդերային գաղափարախոսությանը, նույնասեռականների իրավունքները մնացած մարդկանց իրավունքներից վեր դասելուն (ի դեպ, ըստ Եվրամիության տվյալների): Հարց է առաջանում՝ ո՞վ է այս դեպքում էքստրեմիստը:
«Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» ներկայացուցիչ, քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑՆ իր խոսքում ասաց, որ հզոր պետությունները փորձում են դոլարի ուժով գաղութացնել այլ պետությունները, և քիչ թե շատ դա նրանց հաջողվում է. «Երկրների դեմ պատերազմում վաղուց չեն գործածվում զենք ու պայթուցիկներ, մարդու դեմ պայքարում են մարդու միջոցով: Դեգեներատիվ տարրերի շնորհիվ նվաճում են իշխանությունը` նրանց ֆինանսավորելով, փոխանցելով համաշխարհային հեղաշրջումների տեխնոլոգիաներն ու փորձը»:
«Կա հատուկ ծրագիր, դա աշխարհաքաղաքական զենք է, որը 30 տարում, օրինակ, քրիստոնյա ազգին կարող է դարձնել մուսուլման,- հավելեց Արման Բոշյանը, նշելով, որ Հայաստանում կոտրվել է այդ պրոցեսը, հիմնականում եկեղեցու շնորհիվ:- Հայաստանը նախադեպ է, առաջին երկիրն է, որ ընդվզել է այդ տեխնոլոգիաների դեմ, ու արդյունքում դրանք դանդաղել են: Մենք ուզում ենք, որ ընդունվեն օրենքներ, որոնք թույլ չեն տա նման քարոզչություններ ու կպաշտպանեն ընտանիքը»:
Ռուբեն Բարենցը ի լրումն նկատեց, որ ավանդական, կրոնական արժեքներով ապրող ժողովուրդներն անհաղթելի են:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ