Ռուսաստանը հիմքեր չունի Բալթյան երկրներն օկուպացնելու համար: Այդ թեման գործածվում է ներքին քաղաքական շահարկումների համար: Այս մասին հայտարարել է Լատվիայի նախկին ՆԳ նախարար, Սեյմի պատգամավոր Յանիս Ադամսոնսը: «Գլխավորը` ի՞նչ հասավ մեզ ՈՒկրաինայից: Վախ: Իբր` ռուսները կվերցնեն ու կներխուժեն Եվրոպա, կօկուպացնեն այն: Նվազագույնը` Բալթյան երկրները: Հարց` պե՞տք է դա ռուսներին: Եվ նրանց ինչի՞ն է պետք: Վերլուծաբանների մեծամասնությունն ասում է, որ դա նրանց պետք չէ: Մեր քաղաքական գործիչներն այստեղ ավելին են արել, քան կարող էին անել «մումբա-յումբայի» հարյուրավոր լրտեսները: Էլ չասած 400 հազար տնտեսական փախստականների մասին` խաղաղ ժամանակներում»,-ասել է պատգամավորը nra.lv-ին տված հարցազրույցում:
Ադամսոնսը նշել է, որ իմաստ չի տեսնում Լատվիայում ՆԱՏՕ-ի նոր բազա ստեղծելու մեջ: «Ես կարծում եմ ԱՄՆ-ի բոլոր այդ կոչերը` ստեղծել մեզ մոտ ռազմակայան, նշանակում են` «օկուպացրեք մեր երկիրը»: Ես այստեղ հավասարության նշան եմ դնում: Մասամբ սա կարող է մեզ հանգստացնել: Բայց եթե այստեղ լինի ասենք` 1000 ամերիկյան զինվոր, ի՞նչ կարող են նրանք անել: Բարկացնե՞լ Ռուսաստանին: Իսկ եթե խոսենք լուրջ ուժերի մասին, այստեղ անհրաժեշտ է 15-20 հազար, գոնե` 10 հազար: Բայց դա արդեն ուրիշ թեմա է»,-ասել է Յանիս Ադամսոնսը: