Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արված հայտարարությանը: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան Վիգեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում տեսնել պատմությանն առերեսվելու առաջին փորձը, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման եւ քողարկման հերթական՝ թերեւս ավելի կատարելագործված դրսեւորում է: Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին եւ դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետեւանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձեւավորման կոչը: Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում. ճանաչել պատմությունը եւ աներկբայորեն դատապարտել դրանում առկա հանցանքները: Քրիստոնեության մեջ դա կոչվում է ապաշխարանք: Վստահ եմ՝ դրա համարժեքը կա նաեւ այլ կրոններում»: Վիգեն Սարգսյանը, վկայակոչելով ցեղասպանության առնչությամբ Սերժ Սարգսյանի ուղերձից մի հատված, փաստել է, որ դատապարտել անցյալի հանցագործությունները՝ չի նշանակում հանցագործ ճանաչել այդ պատմությունը կրող ողջ ժողովրդին: «Անհրաժեշտ է հստակ մատնանշել կոնկրետ քաղաքականության մշակողներին եւ իրականացնողներին: Դա անհրաժեշտ է առաջին հերթին հենց պատմությունը կրող ժողովրդին, քանի որ միայն դա է հնարավորություն տալիս տարանջատել ժողովրդին պատմության ամոթալի էջերից»: «Թուրքիայի վարչապետը խոսում է պատմությունը թշնամանքի եւ քաղաքական հակասության չվերածելու անհրաժեշտության մասին: Սակայն փաստ է, որ հայերի եւ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը պատմություն չէ, քանի որ լիարժեքորեն շարունակվում է արդի քաղաքանության մեջ: Դրա դրսեւորումն են Հայաստանի ապօրինի շրջափակումը եւ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը միջազգային ատյաններում: Ինչ վերաբերում է երկխոսությանը, որին կոչ է անում վարչապետ Էրդողանը, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այդպիսի երկխոսություն մենք ունեցել ենք, եւ այն իր տրամաբանական ձեւակերպումն է գտել Ցյուրիխյան արձանագրություններում, որոնց վավերացման գործընթացից թուրքական կողմը հետ կանգնեց: Հայաստանի Հանրապետության նախագահը իր ուղերձում նշել է՝ «Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չի կարող այլեւս բառերով չափվել», իսկ արձանագրությունների վավերացման «ողջամիտ ժամկետներ» ձեւակերպումն առավել քան արդիական է դառնում»,- նշել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: