Սիրիայում դեռևս քիմիական զենք կա, որը պետք է անհապաղ դուրս հանել երկրից: ՔԶԱԿ-ի (Քիմիական զենքի արգելման կազմակերպության) առաքելության հատուկ համակարգող Սիգրիդ Կաագը հայտարարել է, որ Սիրիան դեռևս պահում է թունավոր միջոցների իր պահուստի մոտ 7,5 տոկոսը, որի ընդհանուր ծավալը կազմում է 1300 տոննա: Կաագը պաշտոնական Դամասկոսին կոչ է արել ապահովել պայմանների կատարումը, համաձայն որոնց` ապրիլի 27-ը քիմզենքի` երկրից դուրս բերման վերջին ժամկետն էր: Սիրիայի ողջ քիմիական զենքը պետք է չեզոքացվի մինչև հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման շուրջ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարվա աշնանը, երբ Դամասկոսի մերձակայքում զարինի կիրառումը խաղաղ բնակչության շրջանում հարյուրավոր զոհերի պատճառ էր դարձել: