Սիրիայի նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին: Նախագահի թեկնածուն 40 տարեկանից փոքր չպետք է լինի և կյանքի վերջին 10 տարին պետք է ապրած լինի Սիրիայում: Որևէ այլ պետության քաղաքացի նախագահի թեկնածուն չի կարող լինել:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սահմանադրական դատարանին է ներկայացրել նախագահական ընտրություններին իր մասնակցության հայտը՝ սիրիական պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է խորհրդարանի նախագահ Մուհամադ ալ Լյահամը: Ասադն արդեն յոթերորդ թեկնածուն է: Իր առաջադրման առիթով նա դիմել է երկրի քաղաքացիներին՝ խնդրելով զուսպ արտահայտել իրենց վերաբերմունքը. «Ցանկացած թեկնածուի առաջադրման առիթով քաղաքացիների հրճվանքը պետք է արտացոլվի ազգային ինքնագիտակցության բարձրացմամբ և քվեարկությանը մասնակցությամբ: Սիրիայի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում օդ չկրակել՝ արտահայտելու համար իրենց ուրախությունը թեկնածուների առաջադրման առիթով, առավել ևս, որ մենք ապրում ենք մի ժամանակում, երբ Սիրիայի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ են նման ընտրություններ անցկացվում»:
Մարտին խորհրդարանը հաստատել է ընտրությունների մասին նոր օրենքը, որը երկրի պատմության մեջ առաջին անգամ մի քանի թեկնածուների է հնարավորություն տալիս մասնակցել ընտրություններին: Նրանք պետք է ստանան 35 պատգամավորի աջակցություն 250 անդամ ունեցող օրենսդիր ժողովում, որպեսզի թույլ տրվի մասնակցել ընտրություններին: Յուրաքանչյուր պատգամավոր իր ձայնը կարող է տալ միայն մեկ թեկնածուի:
48-ամյա Բաշար Ասադը նախագահ է ընտրվել 2007- ի մայիսի 27-ին՝ համաժողովրդական հանրաքվեով ստանալով ձայների 97,62%: Խորհրդարանի նախագահ Մուհամադ ալ Լյահամը հայտարարել է, որ նախագահի պաշտոնի թեկնածուներ են լաթաքիացի ինժեներ-մեխանիկ Սաուսան Հադադը, Կունեյտրա նահանգից իրավագիտության պրոֆեսոր Սամիր Մաալան, դամասկոսցի Մուհամադ Ֆիրաս Ռաջուխը և հոմսեցի Աբդել Սալյամ Սալյամեն: Նրանք իրենց թեկնածությունները ներկայացրել են խորհրդարանին: Մինչ այդ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն էին հայտնել բիզնեսմեն Հասան Աբդուլա ան Նուրին և Հալեպից կոմունիստ Մախիր ալ Հաջարը: