Կանադայի կառավարության հաստատած պատժամիջոցների նոր ցանկում ընդգրված են ռուս ինը քաղաքական գործիչներ և գործարարներ: Պատժամիջոցներ են սահմանված երկու վարկային կազմակերպությունների՝ «Էքսպոբանկի» և «Ռոսէներգոբանկի» նկատմամբ՝ հաղորդել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի մամլո ծառայությունը: «Մեր կառավարությունը հստակ ասել է, որ վախեցնելու կամ ուկրաինական կառավարության հետագա ապակայունացումը հետևանքներ կունենան: ՈՒկրաինայի հակաօրինական օկուպացումը շարունակվում է, Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վտանգը պահպանվում է: Հենց այդ պատճառով մենք նոր պատժամիջոցներ ենք սահմանում ինը անձանց և երկու իրավաբանական անձանց նկատմամբ»,- հայտարարել է Կանադայի վարչապետը:
«Քանի դեռ Ռուսաստանը չի դրսևորում իր հստակ հարգանքը ՈՒկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, Կանադան կշարունակի աշխատել իր դաշնակիցների ու համախոհների հետ, որպեսզի ճնշում գործադրի, որը կհանգեցնի Ռուսաստանի հետագա տնտեսական ու քաղաքական մեկուսացմանը»,- ընդգծել է Սթիվեն Հարպերը: Նոր ցուցակում են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, Պետդումայի պաշտպանական-արդյունաբերական համալիրի կազմակերպությունների իրավական ապահովության հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Բաբակովը, Ղրիմում նախագահի փոխներկայացուցիչ Օլեգ Բելավենցևը, ՌԴ պահնորդական ծառայության պետ Եվգենի Մորովը, ԼԴԿ կուսակցոթյան նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, բիզնեսմեններ Արկադի և Բորիս Ռոտենբերգները:
Ապրիլի 28-ին ԱՄՆ-ի հայտարարած պատժամիջոցների նոր ցուցակում են Վոլոդինը, Կոզակը, Պուշկովը, Բելավենցևը, Մորովը, «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը: ԵՄ նոր պատժամիջոցների մասին ևս կհայտարարվի: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար ՈՒիլյամ Հեյգը պատժամիջոցները պայմանավորում է այն իրողությամբ, որ Ռուսաստանը չի կատարում Ժնևյան համաձայնությունը: Նոր ցուցակում կլինեն 15 ՌԴ քաղաքացիներ, նրանց կարգելվի մուտքը ԵՄ տարածք և կսառեցվեն հաշվեհամարները: