Մոսկվան պետք է ռուսամետ ակտիվիստներին կոչ անի ձեռնպահ մնալ ՈՒկրաինայում ուժի կիրառումից: Այս մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության և Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար Սերգեյ Ստանիշևը: «Ես ցնցված եմ ՈՒկրաինայի վերջին ողբերգական իրադարձություններից: Ոչ մի քաղաքական նպատակ չի արդարացնում խաղաղ բնակչությանը դաժանորեն ծեծի ենթարկելն ու նրա ոչնչացումը: Կարծում եմ Ռուսաստանը պետք է կտրականապես հայտարարի, որ չի ձգտում ՈՒկրաինայի բաժանմանը, և ռուսամետ ուժերին կոչ անի ուժ չկիրառել ՈՒկրաինայում»,-գրել է քաղաքական գործիչը:
Սերգեյ Ստանիշևը պնդում է, որ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ բոլոր պետական ղեկավարներն ու քաղաքական գործիչները պետք է մտածեն այն գնի մասին, որն այսօր վճարում են սովորական քաղաքացիները՝ նրանց հավակնությունների համար: