«Մենք այսօրինակ հայտարարությունները գնահատում ենք ինչպես` դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, այնպես էլ` կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ»,-ասվում է Հայաստանում գործող մի շարք ՀԿ-ների այսօր տարածած հայտարարության մեջ, որը արձագանքն է ՀՀ-ում ՌԴ դեսպանի վերջին հայտարարության: Հիշեցնենք, որ դեսպանը «Ноев Ковчег» պարբերականին տված հարցազրույցում ասել էր. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին: Դրանում կասկած չկա: Սակայն զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ -ռուսական հարաբերություններում, թերևս հարկ է` օգտագործելով նաև այլ մեթոդներ: Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Վերջնարդյունքում միանգամայն ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուղղում են իրենց գործունեությունը հայ-ռուսական բարեկամության դեմ, բարին չեն ցանկանում թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին»:
Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և մի շարք այլ ՀԿ-ներ հայտարարել են. «Դեսպան Վոլինկինը պարտավոր է զգոն և աչալուրջ լինել, հասկանալ և հարգել ՀՀ Սահմանադրությունը, իմանալ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է: Այս հայտարարություններով Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել»: Հայտարարության հեղինակները ՀՀ իշխանություններից պահանջում են «կարգի հրավիրել» Վոլինկինին և հասնել նրան, որ «վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից»: ՀԿ-ները նշել են, որ ՀՀ-ում չկան հայ-ռուսական բարեկամության դեմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ և ՌԴ դեսպան Վոլինկինին խորհուրդ են տալիս «այդպիսի վհուկների դեմ որսը կազմակերպել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս»: Նշենք, որ Վոլինկինը 2007 թվականին վտարվել է Վրաստանից` այդ երկրի հանդեպ ծավալած հետախուզական գործունեության համար: