Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, անդրադառնալով բանակցային գործընթացին Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցին, ասել է. «Կոնկրետ մասնակցությունը պետք է բանակցվի կողմերի միջև, կողքից ոչ մեկը չի կարող պարտադրել»։ Դեսպան Հեֆերնը պարզաբանել է, որ ՈՒորլիքի նպատակը նոր քաղաքականության մասին հայտարարելը չէր. նրա հայտարարության նպատակը խաղաղության համաձայնագրի կետերի վերաբերյալ հասարակական քննարկում սկսելն էր, որպեսզի բոլոր տարածքների, երկու երկրների ժողովուրդները պատրաստ լինեն խաղաղության, երբ հասնի պահը։ Վաշինգտոնը կարգավորման հնարավորությունը տեսնում է միայն փոխզիջումներով․ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը չի վերահսկվի Բաքվի կողմից, կստանա միջանկյալ կարգավիճակ՝ ինքնակառավարման պայմանով, Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքներն էլ կվերադարձվեն Ադրբեջանին, Հայաստանը կունենա Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք։
Բանակցային գործընթացում քննարկվող և ամենավիճահարույց՝ տարածքների վերադարձի հարցի մասին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց՝ Հայաստանը նպատակ չունի Ադրբեջանին վերադարձնել գրավյալ տարածքները։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես դեմ է Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հեռանկարին։ «Ես կոնկրետ դեմ եմ այդ մոտեցումներին, հստակ բոլոր քայլերը պետք է հնչեցվեն, և այս խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում։ Դա է լինելու մեր սկզբունքը»,- ասել է նա։