Թուրքիայի իշխանություններն ստիպված կլինեն Կիպրոսին 90 մլն եվրո վճարել 1974-ին կղզու հյուսիս ռազմական ներխուժման համար:
2001-ին ՄԻԵԴ-ը «Կիպրոսն՝ ընդդեմ Թուրքիայի» գործում Անկարային մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների բազմաթիվ խախտումների մեջ, երբ Թուրքիայի իշխանությունները օկուպացրել էին կղզու հյուսիսային հատվածը: Այն ժամանակ փոխհատուցման գումարի չափը չէր հստակեցվել: Այժմ Ստրասբուրգի դատարանը պարտադրել է Անկարային՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում 30 մլն եվրո վճարել անհետ կորած անձանց բարեկամներին և 60 մլն եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարպաս թերակղզում բնակվող հույն-կիպրացիներին: «Կիպրոսի կառավարությունը պետք է ստացած միջոցները փոխանցի զոհերի իրավահաջորդներին՝ Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնաժողովի հսկողության ներքո»,- ընդգծել են ՄԻԵԴ-ից:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, մեկնաբանելով ՄԻԵԴ-ի որոշումը, նշել է, որ դա վնասում է կղզու համայնքների միջև բանակցային գործընթացին: