Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրոպական խորհրդարանի անդամների հայտարարությունը հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ

Եվրոպական խորհրդարանի անդամների հայտարարությունը հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ
14.05.2014 | 13:10

Եվրոպական խորհրդարանի անդամներ Էլենի Թեոխարուսը, Ֆրանկ Էնգելը, Տատյանա Ժդանոկան, Էվալդ Շտադլերը, Ինակի Իրազաբալբեյտան, Միշել Ռիվազին, ինչպես նաև Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Պատգամավորները, մասնավորապես, նշել են, որ համաձայնագրով հաստատված փխրուն խաղաղությունը ոչ միայն թույլ է տվել խուսափել հակամարտության սրացումից և հետագա մարդկային կորուստներից, այլև հնարավորություն է ստեղծել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման համար:
«Ցավոք, չնայած բոլոր ջանքերին, հրադադարի 20 տարիները չեն վերածվել երկարատև և կայուն խաղաղության: Դեռ, ժամանակ առ ժամանակ, մենք տագնապալի լուրեր ենք ստանում շփման գծում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերի մասին, որոնք երկու կողմերում երիտասարդ զինվորների կորուստների պատճառ են դառնում և կարող են հանգեցնել պատերազմական գործողությունների վերսկսմանը»,- ասվում է հայտարարությունում:
Պատգամավորները հիշեցրել են, որ, հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը Եվրոպական միության համար և Հարավային Կովկասը կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու անհրաժեշտությունը, ԵՄ-ն իր բանաձևերում կոչ է արել համապատասխան իշխանություններին զերծ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաև խուսափել սադրիչ քաղաքականությունից և հռետորաբանությունից, ռազմաշունչ հայտարարություններից և պատմության աղավաղումից:
Պատգամավորները բարձր են գնահատել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը բազմաթիվ առիթներով հաստատել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հավատարմությունը՝ ԵԱՀԿ բանակցային գործընթացի շրջանակներում: Նրանք բազմիցս հայտնել են դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու իրենց պատրաստակամությունը՝ որպես վստահության և անվտանգության ամրապնդման միջոց:
«Մենք կցանկանայինք օգտագործել այս տարեդարձը, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին կոչ անենք հետ քաշել դիպուկահարներին շփման գծից և հայ-ադրբեջանական սահմանից՝ խուսափելու հակամարտության հետագա սրացումից: Կարևոր է նաև այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը պարտավորվի հետևել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին»,- ասվում է հայտարարությունում:
Պատգամավորները կոչ են արել Եվրոպական միությանը նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ խթանելու կողմերի միջև խաղաղությունը և ըմբռնումը հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր դարձնելու համար, որպեսզի Եվրոպային հարիր մարդու իրավունքներն ու ազատությունները հասանելի լինեն նաև իր հարևանության համար:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ