Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն ասել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանում վերջին իրադարձություններին։ «Հատկապես քաղաքական ակտիվիստների նկատմամբ ճնշումներին և ձերբակալություններին: Այդ թեման մեզ համար միշտ առաջնային է եղել: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն սերտ հարաբերություններ է կառուցում միայն ժողովրդավարական երկրների հետ»,- ասել է նա, փոխանցում է haqqin.az-ը:
Անդրադառնալով քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների հարցին՝ Մորնինգսթարը նշել է, որ Ադրբեջանում կարող են կրկնվել ուկրաինական Մայդանի իրադարձությունները: «Եթե կառավարությունն ավելի կոշտ գիծ անցկացնի քաղաքացիական հասարակության նկատմամբ, Մայդանի իրադարձությունները կարող են կրկնվել նաև Բաքվում: Եթե անգամ հիմա չէ, ապա 5-10 տարի հետո: Եթե քաղաքացիական հասարակության հնարավորություններն էլ ավելի սահմանափակվեն, դա կմեծացնի այդպիսի իրադարձությունների կրկնվելու վտանգը»,- ասել է դիվանագետը։
Մեկնաբանելով Ադրբեջանին 7 շրջանները վերադարձնելու մասին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի հայտարարությունը՝ Մորնինգսթարը նշել է, որ նա բարձրաձայնել է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը։ Նա նաև նշել է, որ եթե Ադրբեջանը և Հայաստանը վերջապես պայմանավորվեն խաղաղության շուրջ, դրան կարող է խանգարել Ռուսաստանը, որպեսզի պահպանի երկու պետությունների վրա ազդեցության լծակները։