ՈՒղիղ 10 տարի առաջ ԵՄ-ն սկսեց ընդլայնման ծրագիրը: Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեայի և ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ ԵՄ ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկում անցկացվեց: Տրայան Հրիստեան նշեց, որ ուղիղ 10 տարի առաջ 15 անդամ երկրներից բաղկացած Եվրոպական միությունն ընդլայնվեց և միանգամից դարձավ 25:
«Հիմա մենք 28 երկիր ենք և հնարավորություն ունենք հիշելու, թե ինչքան կարևոր եղավ այդ 10 երկրների անդամակցությունը ԵՄ-ին: Ընդարձակումը ամենահզոր գործիքներից մեկն էր ու խթան եղավ բոլոր բարեփոխումների համար»,- ասաց նա:
Տրայան Հրիստեան ընդգծեց, որ այսօր ԵՄ-ն ավելի հարուստ է և ուժեղ: Նա նշեց, որ ընդարձակումը ԵՄ-ին հնարավորություն ընձեռեց ամենամեծ շուկան ունենալու, աճեց առևտուրը երկրների միջև, աշխատատեղեր ստեղծվեցին, մեծացան ներդրումները: «Ներկայումս 8 երկիր թակում է մեր դուռը: Այժմ Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների համար նոր հիմք է մշակվում, սա ցույց կտա, որ Հայաստանը կարևոր գործընկեր է և պետք է մասնակցի անվտանգության համագործակցությանը Հարավային Կովկասում: ԵՄ-ն, ավելի քան երբևէ, պարտավորվում է օժանդակել հայաստանյան գործընկերներին՝ երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության, դրանց նկատմամբ հարգանքի, տնտեսական զարգացման ոլորտներում»,- ասաց նա:
Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ Լեհաստանը դարձել է ԵՄ անդամ ուղիղ 10 տարի առաջ և մտավախություններ է ունեցել: «Լեհաստանի միացումը ռիսկային էր ու շատ խոչընդոտներ կային: 2004-ին միացանք հույսերով լի և վախենում էինք, որ կկորցնենք մեր ինքնիշխանությունը: Հիմա ապացուցված է, որ սա հաջողված պատմություն է մեզ համար: Վերջին 10 տարիներին Լեհաստանը դարձել է կարևոր խաղացող ԵՄ-ում: Մենք այսօր ուժեղ ու ազդեցիկ երկիր ենք ԵՄ-ում»,- ասաց նա:
Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նշեց, որ առանց խնդիրների ոչինչ չի լինում և այսօր ԵՄ-ն պետք է ավարտին հասցնի իր ընդլայնման ծրագիրը: «Պետք է ԵՄ-ին ասոցացվեն այն երկրները, որ ցանկություն են հայտնել: Վերջերս պետական այցով Հայաստանում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և մատնանշեց, որ ԵՄ-ն Հայաստանի համար պետք է մշակի եզակի, բացառիկ բանաձև և հնարավորություն տա ասոցացվելու: Հայաստանը խորապես եվրոպական միտվածություն ունի, իր որդեգրած հայացքներով միտված է դեպի Եվրոպա»,- ասաց նա:
Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը նշեց, որ ԵՄ-ին անդամակցելու համար անցկացված հանրաքվեին երկրի բնակչության 90%-ը կողմ է քվեարկել: «Երբ նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք, որ շատ ձեռքբերումներ ունենք: Ներդրումներ են եղել տնտեսության մեջ, մեր երիտասարդությունը 10 տարիներին ավելի լավ դրսևորեց իրեն»,- ասաց նա: