Խաղաղության գործընթացում հաջողությունը կամ ձախողումը կախված է կողմերի քաղաքական կամքից, այլ ոչ թե որևէ մեկից կամ Մինսկի խմբի համանախագահներից: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
«Ես շատ եմ ցանկանում աշխատել իմ ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ, նոր գաղափարներ բերել և կողմերին օգնել գտնելու բանակցությունների ճանապարհ` խաղաղ համաձայնության վերաբերյալ»,- ասել է ՈՒոռլիքը apa.az-ին` մեկնաբանելով կայքի հարցը: Հարցը վերաբերել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների դժգոհությանը` ՈՒոռլիքի գործունեության և ԼՂ հակամարտության կարգավորման մասին նրա թվիթերյան հայտարարությունների հետ կապված: Պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ էր կողմերին առաջարկել օգտագործել Սարսանգի ջրամբարը, որը, ըստ կայքի մեկնաբանության, գտնվում է «գրավյալ տարածքներում», ՈՒոռլիքն ասել է, թե փոխադարձ ընդունված որոշումը ունակ է լուծելու հուսալի էլեկտրականության և ոռոգման ջրի պահանջարկը` ինչպես դա եղել է հակամարտությունից առաջ: «Շփման գծի երկու կողմերի մարդիկ կարող էին միասին աշխատել, որպեսզի ունենային ուղիղ, դրական ազդեցություն նրանց վրա, ովքեր ապրում են հակամարտությունից տուժած շրջաններում: Մենք շարունակում ենք աջակցել ցանկացած միջոցի, որը կարող է թուլացնել լարվածությունը և վերականգնել վստահությունը կողմերի միջև»,- ասել է նա: