Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Շոն Մըքլեոդը հանդիպել է Միացյալ Թագավորությունում ՌԴ փոխդեսպան Ալեքսանդր Կրամարենկոյի հետ՝ ռուսական կողմի խնդրանքով: Կրամարենկոյի բողոքին ի պատասխան՝ բրիտանացի դիվանագետը հայտարարել է, որ պետք չէր ակնկալել, թե Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանելու է մասնավոր զրույցներում արված հայտարարությունները: Կանադայում գտնվող ՈՒելսի արքայազն Չառլզը 88-ամյա Մարիենն Ֆերգյուսոնի հետ մասնավոր զրույցում մեկնաբանելով Ռուսաստանի քաղաքականությունը ՈՒկրաինայի նկատմամբ և Ղրիմի բռնակցումը՝ Վլադիմիր Պուտինին համեմատել էր Ադոլֆ Հիտլերի հետ: «Աժմ նա անում է գրեթե նույնը, ինչ Հիտլերն էր անում»,- բրիտանական Daily Mail-ի փոխանցմամբ՝ ասել էր արքայազն Չառլզը: Հոլոքոստի ժամանակ Մարիենն Ֆերգյուսոնը կորցրել է հարազատներին, նրան հաջողվել է Լեհաստանից մեկնել Կանադա: Կանադական Հալիֆաքս քաղաքում Ֆերգյուսոնը Հոլոքոստի թանգարանի կամավորներից է, և Բրիտանիայի թագաժառանգի հետ հանդիպման ժամանակ նրանք խոսել են հոլոքոսթից: BBC-ի հետ զրույցում Ֆերգյուսոնը հաստատել է, որ արքայազնը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ: «Եվ ես նրա հետ համաձայն եմ, տեսեք՝ ինչ է անում այսօր Պուտինը ՈՒկրաինայում»,- ասել է կանադուհին: Արքայազն Չառլզի մամուլի ծառայությունը ևս հրաժարվում է մեկնաբանել արքայազնի հայտարարությունը՝ պատճառաբանելով մասնավոր զրույցը: