Ռուսաստանը խառնվում է ամենուր՝ ՈՒկրաինայում, Չինաստանում, և այնպիսի բարդ մերձավորարևելյան տարածաշրջանում, ինչպիսին Իրանն է՝ գրում է Դիտրիխ Ալեքսանդրը գերմանական Die Welt պարբերականում: Reuters գործակալության և РИА Новости-ի տվյալներով՝ Ռուսաստանն ու Իրանը 2014-ին կկնքեն համաձայնագիր՝ Իրանում նոր ատոմային ռեակտորներ կառուցելու վերաբերյալ։
Դրանցից երկուսը կլինեն գործող «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում, որի շինարարությունը ևս ավարտվել է ռուս մասնագետների օգնությամբ։ Երկու ռեակտորներն էլ հետագայում դառնալու են ավելի խոշոր նախագծի մաս, որի շրջանակներում նախատեսվում է 8 էներգաբլոկ կառուցել։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, մինչև հուլիսի 20-ը նախատեսում են Իրանի հետ միջուկային էներգիայի օգտագործման մասին համաձայնագիր կնքել։ Նրանք Իրանից պահանջում են ավելի թափանցիկ լինել միջուկային ծրագրերում և հրաժարվել ռազմական նպատակներով ուրանի հարստացումից։ Ի պատասխան՝ կթուլացվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Իրանը դեմ է, որ միջազգային հանրությունը սահմանափակի ուրանի հարստացման իր իրավունքը՝ նշելով, որ ինքն իրավունք ունի «խաղաղ ատոմն» օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու նպատակով։